Վարչապետը ներկա է գտնվել Հենրիկ Մալյանի 90-ամյա հոբելյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում մասնակցել է կինոդերասան Հենրիկ Մալյանի 90-ամյա հոբելյանին եւ թատրոնի հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին: Երեկոյի ընթացքում ցուցադրվել են արխիվային նյութեր թատրոնի եւ նրա հիմնադիր Հ. Մալյանի ստեղծագործական կենսագրության մասին, ընթերցվել են Հ. Մալյանի «Երկխոսություն երրորդի համար» գրքից հատվածներ, ինչպես նաեւ ներկայացվել են թատրոնի հին խաղացանկի ներկայացումներից հատվածներ:

Միջոցառման ավարտից հետո կառավարության ղեկավարը շնորհավորել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանին եւ դերասանական անձնակազմին հոբելյանի առթիվ եւ մաղթել ստեղծագործական նորանոր հաջողություններ: Ընդգծելով, որ մշակույթի ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում՝ վարչապետը գործադիրի անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել թատրոնի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված պետական աջակցությունը:

1980 թ. ռեժիսոր Հենրիկ Մալյանը հիմնեց կինոդերասանների թատրոն-ստուդիա, որը բացառիկ երեւույթ էր 80-ականների մշակույթում: 1988 թ. թատրոն-ստուդիան վերանվանվեց` կոչվելով հիմնադրի անունով: Այժմ թատրոնի գեղարվեստական ղեկավարը Հենրիկ Մալյանի դուստրն է` Նարինե Մալյանը, ով շարունակում է հոր սկսած գործը:

Տարածել`
Share

You may also like...