Վարչապետը մասնակցել է Չինաստանի Ազգային օրվան նվիրված պաշտոնական ընդունելությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային օրվա 66-ամյակի առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը: Կառավարության ղեկավարը հանդես է եկել շնորհավորանքի խոսքով: Դիմելով ներկաներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ, պարոն դեսպան, դեսպանության անձնակազմին եւ Ձեր միջոցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամ ժողովրդին եւ իշխանություններին այս հիշարժան օրվա առթիվ` հղելով անձնական երջանկության եւ նորանոր հաջողությունների լավագույն մաղթանքներս: Այս տոնի առիթով այսօր շնորհավորական ուղերձ եմ հղել գործընկերոջս՝ պարոն Լի Քեցյանին՝ բարեկամ Չինաստանին մաղթելով բարօրություն եւ հետագա առաջընթաց:

Այսօր մենք նշում ենք ժամանակակից Չինաստանի հիանալի վերելքը եւ հաջողությունները, այս համատեքստում նաեւ՝ հայ-չինական հարաբերությունների ձեռքբերումները: Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր մեր երկրների միջեւ հաստատվել եւ ամրապնդվել են բարեկամության ամուր կապեր: Հայաստանի եւ Չինաստանի միջեւ այսօր առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ինչը թույլ է տալիս քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ցանկացած հարց:

Հայ-չինական հարաբերությունների ամրապնդման գործում մեծ նշանակություն ունեցավ սույն թվականի մարտին ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հրավերով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան: Երկու երկրների ղեկավարների միջեւ տեղի ունեցած հանդիպումը մեծապես նպաստեց միջպետական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելուն:

Օրեր առաջ տեղի ունեցավ նաեւ իմ աշխատանքային այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, որտեղ հանդիպում ունեցա Չինաստանի պետական խորհրդի նախագահ, վարչապետ պարոն Լի Քեցյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձանք հայ-չինական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի:

Պատեհ առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել չինական կողմին այն ջերմ ընդունելության եւ հյուրընկալության համար, որին արժանացանք ես եւ իմ գլխավորած պատվիրակությունը Պեկինում եւ Սիանում:

Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Ուրախությամբ պետք է նշեմ, որ մենք ունենք նշանակալի աճ առեւտրատնտեսական հարաբերություններում. Չինաստանն արդեն դարձել է Հայաստանի երկրորդ առեւտրային գործընկերը: Համագործակցության նոր հեռանկարներ են բացվում Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու վերաստեղծման ծրագրի շրջանակում: Դարեր շարունակ լինելով Եվրոպան եւ Ասիան կապող պատմական Մետաքսի ճանապարհի կարեւոր տարանցիկ ուղի՝ Հայաստանն այսօր էլ պատրաստ է խթանել տարածաշրջանի եւ Չինաստանի միջեւ նախագծերը, կապել Չինաստանը Եվրոպայի հետ, ինչպես նաեւ նպաստել Եվրասիական տնտեսական միության եւ Չինաստանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծմանը:

Հայ-չինական համագործակցության օրակարգը հարուստ է նաեւ հումանիտար ոլորտներում ակտիվ փոխգործակցությամբ: Աշխույժ համագործակցություն է ծավալվում մշակութային եւ գիտակրթական ոլորտներում: Ամեն տարի տասնյակ ուսանողներ են սովորում հայկական եւ չինական համալսարաններում՝ ստանալով կառավարական կրթաթոշակներ: Առանձնահատուկ պետք է նշեմ Երեւանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման նոր նախագիծը, որը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների հաջորդ սերունդների միջեւ բարեկամության ամրապնդմանը: Վերջին տարիներին հաջորդաբար Հայաստանում եւ Չինաստանում անց են կացվում փոխադարձ մշակույթի օրեր: Անկասկած, այսօրինակ շփումներն էականորեն նպաստում են մեր ժողովուրդների միջեւ փոխըմբռնմանը եւ փոխճանաչմանը:

Ավարտելով խոսքս՝ մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Թող հայ եւ չին ժողովուրդները բարեկամության եւ խաղաղության մթնոլորտում արարեն եւ զարգանան՝ միասին իրականացնելով ապագայի իրենց ծրագրերը»:

Տարածել`
Share

You may also like...