Վարշավայում կայացել է հայկական տարազ-հագուստների ցուցադրություն

ՀՀ  անկախության 25-ամյակի միջոցառումների շրջանակում Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանի Ացախյան գորգերի ցուցասրահում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի հեղինակած գորգերի և զարդանախշերի պատկերներով զգեստների ցուցադրությունը: Միջոցառումը կազմակերպվել է Լեհաստանում ՀՀ դեսպանության և Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանի կողմից՝ Լյուբլինի Սննդի եվրոպական փառատոնի տնօրինության աջակցությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ցուցադրությանը ներկա են եղել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանում հավատարմագրված դեսպանների կանանց ասոցիացիայի և դիվանագիտական կորպուսի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Անուշ Եղիազարյանը միջոցառման մասնակիցներին ծանոթացրել է հայկական գորգագործության ավանդույթները, զարդանախշերի և գորգերի պատրաստման առանձնահատկությունները:

Վարշավայում բնակվող հայազգի պարուհի Գայանե Կալեմդարյանը և երգչուհի Սոնա Մաթևոսյանը իրենց կատարումներով ցուցադրության մասնակիցներին ներկայացրել են նաև հայկական ժողովրդական պարարվեստը ու երգարվեստը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed