Վարդուհի Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում

ՀՀ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 24-ին` ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝  օգոստոսի  25-ին` ժամը 12:00-14:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տնից (հասցե` Իսահակյան 1):  Հուղարկավորությունը՝  ժամը 14:00-ին, Երեւանի Նուբարաշենի գերեզմանատանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից: Վարդուհի Խաչատրյանը վախճանվել է օգոստոսի 23-ին, 88 տարեկանում:

Վարդուհի Խաչատրյանը ծնվել է 1927թ. Լենինականում (այժմ՝ Գյումրի): 18 տարեկանում տեղափոխվել է Երեւան։ 1945-48թթ. սովորել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժնում, այնուհետեւ` 1949-51թթ-ին, ուսումը շարունակել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ երգեցողության ֆակուլտետում։ Հետագայում դասավանդել է նույն բուհում՝ որպես պրոֆեսոր:

Վարդուհի Խաչատրյանն իր ստեղծագործական ճանապարհն սկսել է Թաթուլ Ալթունյանի ղեկավարած կապելլայում, այնուհետեւ երկար տարիներ երգել է Հայաստանի երգի-պարի վաստակավոր անսամբլում (Թ. Ալթունյանի անվան):

Քառորդ դար շարունակ Վարդուհի Խաչատրյանը եղել է հեռուստառադիոպետկոմի Ա. Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի մեներգչուհի: Հայկական գուսանական երգերի, կոմպոզիտորական ստեղծագործությունների իր կատարումներով անվանի երգչուհին արժանացել է միջազգային մրցանակների, այդ թվում՝ 1967 եւ 1983 թթ. «Գրան-Պրի»-ների (Փարիզ), 1974 թ. «Ոսկ ե կոկորդ» պարգեւի (Վիեննա): Նա իր հարուստ երկացանկով, որը ներառում է Կոմիտասի, Նիկոլ Գալանտերյանի, Ռոմանոս Մելիքյանի, Խաչատուր Ավետիսյանի, Աշոտ Սաթյանի, Անտոն Մայիլյանի, ինչպես նաեւ հայ գուսանների ստեղծագործությունները, վայելել է համաժողովրդական սեր ու ակնածանք։ Երգչուհու մի շարք ձայնագրություններ՝ «Կռունկ», «Մախմուր աղջիկ», «Իմ անուշ տավիղ», «Ղարաբաղի եղնիկ», «Ծիծեռնակ», «Լուռ գնաց» իրենց արժանի տեղն են գտել հայ կատարողական արվեստի ոսկե ֆոնդում:

Տարածել`
Share

You may also like...