Վարանդա գավառի ձեռագրական ժառանգությունը

Արցախ աշխարհի Վարանդա գավառը կազմավորվել է 16-րդ դարում աշխարհացույցյան Մյուս Հաբանդ գավառի հյուսիսային մասում։ Գավառն ընդգրկում էր Կարկառ գետի աջ ափը, հասնում մինչև Քիրս-Դիզափայի լեռնագոտին։ Աղբյուրներում գավառը կոչվել է նաև Հաբանդ, Մյուս կամ Փոքր Հաբանդ, Մուխանք, Վառանդա, Վառանդինի, Վարանդ, Վարանդա Մյուս, Վերէնդէ, Քոչիզ, կենտրոնի անունով՝ նաև Ամարաս:

Վարանդայի կենտրոն Ամարասի վանքը 4-րդ դարի սկզբին հիմնադրել է S. Գրիգոր Լուսավորիչը, իսկ ավարտումն ու օծումը վերագրվում է նրա թոռ Գրիգորիսին։ 330-331 թվականներին Բուն Աղվանքի կողմերում (Մասքթաց թագավորությունում) քրիստոնեություն տարածելու ժամանակ նահատակվում է Գրիգորիսը, և նրա աճյունն իր աշակերտները բերում, ամփոփում են Ամարասի եկեղեցու բակում։ 489 թվականին Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը, գտնելով Գրիգորիսի գերեզմանը, վրան մատուռ է կանգնեցնում, միաժամանակ ավարտում եկեղեցու կառուցումը։ Վանական համալիրն ամբողջացրել են հետագա դարերում կառուցված շրջապարիսպը, միաբանների և ուխտավորների սենյակները, օժանդակ այլ շինություններ։

Վաղ միջնադարում Ամարասը նշանավոր էր որպես եպիսկոպոսանիստ և հոգևոր մշակույթի կենտրոն: Ըստ ավանդության՝ գրերի գյուտից հետո Մեսրոպ Մաշտոցը այստեղ է բացել Արցախի առաջին դպրոցը և հիմք դրել հայեցի դպրության: Քանի որ գրչակենտրոնից ոչ մի ձեռագիր մատյան չի պահպանվել, դժվար է ասել, թե ինչ տիպի դպրոց է գործել Ամարասում, ինչ գործունեություն է ծավալվել, ինչ մասնագետներ են պատրաստել, ովքեր և ինչ են դասավանդել: Վանքի՝ որպես կրոնական և մշակույթի կենտրոնի վերաբերյալ հատուկենտ տեղեկություններ են տալիս վիմագիր արձանագրությունները, գավառի այլ վայրերում գրված ձեռագրերի հիշատակարանները, ինչպես նաև Անաստաս վարդապետի կազմած վանքերի մասին պաշտոնական վավերաթուղթը, որ պահպանվել է նաև Մովսես Կաղանկատվացու «Աղվանից աշխաչհի պատմություն» գրքում:

Պատմական Արցախի այս հնագույն ու նշանավոր վանքը բազմիցս ենթարկվել է օտար նվաճողների ասպատակություններին։ 821 թվականին արաբները գրավում են Ամարասը, թալանում վանքի հարստությունը, բայց Առանշահիկ Սահլ Սմբատյանը հերոսական դիմադրություն է ցույց տալիս թշնամուն. «զԱմարաս գաւառ գերի առեալ իբրեւ ոգիս հազարս… Սահլ Սմբատեան Եռանշահիկն տէր քաջազօր եղբարբք իւրովք եւ զօրօք ի լուսանալ առաւօտուն ի վերայ յարձակեալ առ հասարակ դիաթաւալ զնոսա ցիր ու ցան կացուցանէին»։ 853-854 թվականներին արաբները Բուղայի գլխավորությամբ կրկին ասպատակում են գավառը, այս անգամ էլ նրանց դեմ է դուրս գալիս Եսայի Աբու Մուսեն:

Սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանը վկայում է, որ 1293 թվականին թաթար Բաթու խանը կողոպտել է Ամարասի վանքը, ավերել ու թալանել, թանկարժեք շատ իրերի հետ տարել է Գրիգորիսի գավազանն ու 36 թանկարժեք քարերով ընդելուզված ոսկեձույլ մի խաչ։ 1387 թվականին՝ Լենկթեմուրի արշավանքից հետո, Ամարասը մեծ կորուստներ է կրում: Չափազանց մեծ է նաև ձեռագիր արժեքների կորուստը: Քանիցս ավերված վանքը 17-րդ դարում վերականգնում է Աղվանից (Գանձասարի) Պետրոս կաթողիկոսը, ով նաև միաբանության ամառանոց Հերհեր գյուղում կառուցում է մի նոր եկեղեցի (ՄՄ ձեռ. 2561, թերթ՝ 264ա): 18-րդ դարում թուրքերն այս սրբավայրը դարձնում են իրենց աղոթատեղին, ապա բերդատեղի ու մաքսատուն այնքան ժամանակ, մինչև որ Բաղդասար մետրոպոլիտին հաջողվում է օտարներից նորից ետ վերցնել այն։ Երբեմնի ծաղկուն ու շեն վանքը 19-րդ դարում ամայանում է, դառնում անմարդաբնակ՝ մնալով լոկ ուխտատեղի:

Բազմաթիվ ավերածություններ տեսած վանքը մռայլ ու դաժան ժամանակներում էլ չի դադարել կրոնական ու մշակութային կենտրոն լինել։ Վկայություն ունենք այն մասին, որ 15-րդ դարում Մանուել գրիչը, ով ձեռագրեր է ընդօրինակել Գտչավանքում, գործել է նաև Ամարասում: Ամարասի վիճակի մեջ մտնող Շուշու գյուղում Մանուելի գրչագրած Ավետարան է մեզ հասել, որն այժմ պահվում է Մաշտոցյան Մատենադարանում՝ 8211 թվահամարի տակ: Ծաղկողի անունը չի նշվում, հավանաբար գրիչն է նկարել ավետարանիչների պատկերները՝ իրենց անվանաթերթերով, կիսախորանները, 176բ թերթի լուսանցքում Գաբրիել հրեշտակի պատկերն է, ունի նաև լուսանցազարդեր ու զարդագրեր: Ձեռագիրը գրվել է Հովհաննեսի կաթողիկոսության և Իսկանդարի, «որ է թորգոմածին եւ չարչարող քրիստոնէից», բռնակալության տարիներին:

Ջալալ իշխանի որդի Հովհաննեսը երկար տարիներ եղել է Աղվանից կաթողիկոս: Վերոնշյալ ձեռագիրն արժևորվում է նրանով, որ հիշատակարանում առաջին անգամ արձանագրված է Հովհաննեսի հայրապետությունը. «Գրեցաւ աստուածագիծ սուրբ Աւետարանս ձեռամբ ոգնամեղ եւ ապիկար գրչի՝ տէր Մանուէլի՝ ի թվականութեանս Հայոց ՊՀԷ (1428)՝ ի յաշխարհս Աղուանից՝ ի վիճակս Ամարասայ՝ ի գեղս Շուշու կոչեցեալ՝ ընդ հովանեավ Սուրբ Աստուածածնիս՝ ի կաթողիկոսութեան տէր Յոհանիսի» (թերթ 359բ-60ա): Հետագայի գրիչներն արդեն հիշում են նրա կաթողիկոսության տարիները՝ 1456, 1464, 1466, 1467, 1468 թվականներին: Իսկ համաձայն Ս. Հակոբա վանքում Հովհաննես հայրապետի տապանագրի, նա մահացել է 1470-ին. «Այս է հանգիստ տէր Ովհանէս կաթողիկոս[ին] Աղվանից թվ. ՋԺԹ (1470)»:

Ավետարանը Մանուելի ընդօրինակած վերջին մատյանն է: Երբ վախճանվել է մեծ սեր ու հարգանք վայելող գրիչը, նրա չորս եղբայրներն իբրև ժառանգություն բաժանել են նրա գրվածքները: Ամարասի Ալեքսիանոս եպիսկոպոսին, ով գրչի եղբորորդին է, որպես հիշատակ բաժին է ընկել այս ձեռագիրը: Մանուել եպիսկոպոսը և՜ գրչագրել է մատյաններ, և՜ ուսուցանել: Իրեն պատկան ձեռագրերից մեկի հիշատկարանում (ՄՄ ձեռ. 9792) Ալեքսիանոսը նրան վարպետ է անվանում: Մանուելի վարպետ լինելու հանգամանքն էլ թույլ է տալիս ենթադրել, որ գավառի եկեղեցիներում ու առանձին բնակավայրերում 15-րդ դարի առաջին կեսին գործել են դպրոցներ, որտեղ ուսուցանվել է գրչության արվեստ և ընդօրինակվել են ձեռագրեր: Երկու դար հետո՝ 1634 թվականին, Հովհաննես եպիսկոպոսը, որը նույնպես Մանուել գրչի տոհմից էր, Դիզակի գավառի Թաղասեռ գյուղի Ս. Սարգիս եկեղեցում մահտեսի Կիրակոսին նորոգել է տալիս Ավետարանը՝ որպես հիշատակ իրեն, հորեղբայրներին և բոլոր մերձավոր բարեկամներին՝ Մանուել, Ալեքսիանոս, Մարտիրոս, Գրիգոր եպիսկոպոսներին, Հովհաննես և Մարտիրոս աբեղաներին, Սարգիս երեցին, տեր Թորոսին, իր պապ Հովհաննեսին, հորը՝ Մարտիրոսին, մորը՝ Մարգարիտին և եղբորը՝ Հովանին:

 

Թամարա ՄԻՆԱՍՅԱՆ
Մաշտոցի անվ. Մատենադարանի ավագ գիտաշխատող, բան. գիտ. թեկնածու
Սկզբնաղբյուրը՝ «Շողակն» երկշաբաթաթերթ

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed