«Վանքի երեխաները». վավերագրական ֆիլմ` Դերսիմի հայերի մասին

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ նկարահանվել է վավերագրական ֆիլմ, որը պատմում է  Հայոց Ցեղասպանության  և  Դերսիմի փրկված հայերի մասին: Ֆիլմի առանցքային մաս է կազմում նաև Դերսիմի  1937-1938 թթ.  կոտորածները, որի ժամանակ ողջ մնացած հայերը թուրքացվեցին և մահմեդականացվեցին:
«Վանքի երեխաները» (Vank’ın Çocukları) անվանումով ֆիլմի ռեժիսորը ծնունդով դերսիմցի Նեզահաթ Գյունդողանն է, այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Ֆիլմի անոնսի տեքստում ասվում է, որ ստեղծագործական անձնակազմը նկարահանումներց առաջ Դերսիմի կոտորածներից հետո պետության կողմից բռնի թուրքացման ու մուսուլմանացման հետևանքով իրենց արմատից կտրված հայերին գտնելու ու նրանց պատմությունները վեր հանելու համար բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Դերսիմում, Քոնիայում, Ստամբուլում, Իզմիրում և Բոլուում:

Նշվում է, որ այդ աշխատանքների շնորհիվ բազմաթիվ փաստեր են հավաքվել կոտորածներից հետո ողջ մնացած դերսիմցի հայ երեխաների վերաբերյալ, որոնց նախ թուրքական անուններ են տրվել, այնուհետև նրանց ստիպել են մահմեդականություն ընդունել:

Իրենց արմատներից կտրված դերսիմցիներից բացի ֆիլմում անդրադարձ կա նաև 1915-ից հետո այդտեղ գործած միակ հայկական Հալվորի Սբ. Կարապետ վանքի մասին, որի վանահայրը 1937-ին ձերբակալվում է և գյուղի մյուս հայերի ու ալևիների հետ սպանվում: Իսկ եկեղեցին պետության կողմից ամբողջությամբ ավերվում է 1938 թ.-ին:

Նշենք, որ ֆիլմի պրեմիերան կկայանա փետրվարի 9-ին Ստամբուլի Բեյօղլու կինոթատրոնում:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed