«Վանայ լիճին…»` հայի հույզերն ու կարոտը ներկայացնող երգ

Մասնագիտությամբ ֆինանսիստ, երգչուհի Սիբիլը երգել սկսել է դեռ փոքր հասակից:

Նրա կյանքում մշտապես մեծ տեղ են զբաղեցրել եկեղեցական երգերը, նա երգել է «Սուրբ Վարդանանց» երգչախմբում։ 2010 թ. նոյեմբերին  երգչուհին թողարկել է հայալեզու «Սիբիլ» ալբոմը, որտեղ տեղ էին գտել «Տեր Ողորմեա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին եւ նոր մեռնիմ», «Նամակ» եւ այլ երգեր։

Ստամբուլահայ երգչուհին այսօր` հոկտեմբերի 14-ին, ներկայացրեց իր նոր տեսահոլովակը:

«Վանայ լիճին…».  այսպես է կոչվում Սիբիլի նոր երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը  ծնվել է Արեւմտյան Հայաստան կատարած ուխտագնացության տպավորությունների ներքո:
Երգը ներկայացնում է հայի հույզերն ու կարոտը իր կորցրած հայրենիքի հանդեպ, այն զրույց է Վանա լճի հետ։

Երգչուհին հույս հայտնեց, որ այն կարժանանա երաժշտասերների հավանությանը. «Ինձ համար շատ կարեւոր է երգի խորհուրդը: Երգը Վանա լճի մասին է, ուստի աշխարհի բոլոր հայերի կարոտի մասին է: Վանա լիճը շատ մեծ կարեւորություն ունի ողջ աշխարհի հայերի համար»:

Մեզ հետ զրույցում Սիբիլն ընդգծեց, որ իր համար օրը շատ կարեւոր է, ուստի հուզմունքն ուղղակի աննկարագրելի է. ««Ներդաշնակության մեղեդի» նախագծի շրջանակում ելույթ եմ ունեցել այստեղ, զգացել ջերմությունը, ապրել հույզերը, սակայն այսօր էլ տպավորությունները բոլորովին այլ են: Առաջին անգամ է, որ նմանօրինակ միջոցառում է տեղի ունենում, ուրախ եմ, որ այն առաջին անգամ այստեղ է ցուցադրվում, հույս ունեմ՝ այն կսիրվի հանրության կողմից»:

Երգչուհին վստահ է՝ երգի, արվեստի ուժն աննկարագրելի է, ուստի կարծում է, որ իր համար այդ թանկ երգը կհասնի իր ունկնդրին եւ կհասկացվի այնպես, ինչպես անհրաժեշտ է:

Նյութի աղբյուրը՝ erit.am

Տարածել`
Share

You may also like...