Վաճառվող ու չվաճառվող գրքերը

Ո՞ր գրքերն են պահանջարկ վայելում այսօր: Եթե գիրքը լավ է վաճառվում, արդյոք դա խոսում է նաև գրքի որակի մասին: Ի՞նչ դեր ունի գրքի վաճառքի հարցում գովազդը, գրքի գինը: Փորձեցինք սույն հարցերի պատասխանը գտնել «Բյուրոկրատ» գրատանը:

2012-ի տվյալներով ամենավաճառվող գրքերի շարքում են Սուն-Ցզի «Ստրատեգիայի արվեստը»  և Սենեկայի «Նամակներ բարոյական կյանքի մասին» գրքերը, Ռիլկեի «Սոնետներ Օրփեոսին»,  Կ. Զարյանի «Անցորդը և իր ճամբան», Ս. Դովլաթովի երկերը, Հեսսեի «Տափաստանի գայլ», Մարկեսի «Հարյուր տարվա մենություն»,  Նարեկացու «Մատյան Ողբերգության», Ռեյ Բրեդբերիի «Вино из одуванчиков» գրքերը:

Ջոյսի «Ուլիսեսը» (Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ) ամսական վաճառվում է մի քանի օրինակ:

Եթե թանկարժեք գիրքն այդպես վաճառվում է, դա արդեն փոքր ցուցանիշ չէ: Սալվադոր Դալլիի նկարների մեծ ալբոմը, որն արժե մի քանի տասնյակ հազար դրամ, վաճառվում է տարվա ընթացքում մոտ տասը օրինակ, և դա համարվում է շատ, Ռիլկեն տարեկան 20-30 օրինակ է վաճառվում, որը նունպես շատ է: «Բյուրոկրատում» ամենաակտիվ վաճառքը տեղի է ունենում մանկական գրքերի բաժնում: Հարկ է նկատել, որ մանկական գրականությունը լավ է վաճառվում բոլոր գրախանութներում: Օրինակ, մեծ պահանջարկ է վայելում առաջին մանկական խոսող հայերեն այբբենարանը` «Կախարդական այբուբենը»: Մեծ պահանջարկ ունեն նաև Հ. Թումանյանի քառյակների և պոեմների ու հեքիաթների աուդիոգրքերը: Հավելենք, որ «Բյուրոկրատում» այս տարի վաճառքի ցուցանիշով աչքի է ընկել Լևոն Ներսիսյանի «Վերջին խոսքը»: Գրքում տեղ են գտել Լևոն Ներսիսյանի դասախոսություները, որ առանց թույլտվության ձայնագրել է Ռուզաննա Տոնոյանը և նրա մահից հետո հրատարակել: Լավ վաճառվող գրքերի բազմազանությունը սակայն դեռ չի խոսում գրքի մեծ պահանջարկի մասին:

«Բյուրոկրատի» աշխատակիցը նշեց, որ գրախանութի այցելուների շարքում քիչ տոկոս են զբաղեցնում կողմնորոշված ընթերցողները: Դրա պատճառներից մեկն, ըստ «Բյուրոկրատի» տնօրեն Շ. Արզաքանյանի, ընթերցողի` տեղեկատվության սպառողի վերածվելն է: «Չկողմնորոշված» այցելուների համար «Բյուրոկրատում» գործում է «Ժամադրություն փակ աչքերով» հատուկ անկյունը, որտեղ զետեղված են փաթեթավորված գրքեր` իրենց բովանդակության մասին մի քանի ակնարկ-բառերով, և այցելուն, ընթերցելով ակնարկող բառերը, կողմնորոշվում է «փակ աչքերով»:

Կողմնորոշման պրոցեսին օգնում են նաև գրախանութի աշխատակիցները, որոնք ուղղորդում են ընթերցողներին ըստ նրանց նախասիրությունների, հիմնականում առաջարկելով թե՛ արտասահմանյան, և թե՛ հայկական ժամանակակից գրականություն: Նշենք նաև, որ գրախանութում պարբերաբար անցկացվում են գրական հանդիպումներ, որը մերօրյա գրողներին և նոր հրատակարկված գրականությունը հանրությանը ներկայացնելու արդյունավետ և ընդունված ձևերից մեկն է:

անդրադարձը՝ Ա. Ս.-ի

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Վաճառվող ու չվաճառվող գրքերը”

Leave a Reply

Your email address will not be published.