Վահան Քոչար. Մի լուսանկարի պատմություն

«Լուսանկարչության լեզուն համամարդկային է, այն թարգմանչի կարիք չունի». պրոֆեսիոնալ լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի այս արտահայտությունը որքան էլ որ հավաստի է` ներկայացվող բազմաթիվ լուսանկարներ իրենց ողջ խոսունությամբ հանդերձ ուղեկցվում են բացատրական մեկնությամբ, պատկերվող անցքի, իրողության, տեղի, ժամանակի նկարագրությամբ, այն դարձնելով ավելի հասկանալի:

Լուսանկարը տեսանելի պատկերից զատ իր մեջ ունի պահված նաև պահի պատմություն, որի բացահայտումը էլ ավելի արժեքավոր է դարձնում այն, ինչպես օրինակ Յուսուֆ Քարշի Չերչիլի դիմանկարը, Հովհաննես Քյուրքչյանցի Անիում արած խմբանկարը` Ռափայել Պատկանյանի ու Ջիվանու ներկայությամբ: Տեղին է հիշատակել Վահէ Սամուէլյանի «Հայ անցեալը լուսանկարներով» երկհատորյա աշխատությունը, որի հենքը լուսանկարի պատմությունն է:

Այս լուսանկարի խորհուրդը եզակի մի ասք է, վեր հառնող հիշողություն մեր մեկդարյա անցյալից:

Լուսանկարում որ արված է 1915 թվականի հունիսի 15-ին Պոլսում պատկերված է կոշկակար Գևորգ Ականջյանի ընտանիքը: Ժամանակի ստույգությունը հավաստի է` Պոլսում կախաղան բարձրացված Հնչակյան կուսակցության 20 գործիչների մահապատժի նույն օրը, երբ ընտանիքը շրջանցելով հրապարակի կառափնարանը, այցելել է լուսանկարչատուն: Կենտրոնում նստածը` Գևորգ Ականջյանն է, ձախից կանգնած է կինը` Վարդ Խաթունը, որի հայրը` Գևորգը լարային գործիքի նվագածու էր Աբդուլ Համիդի պալատում աջից Գևորգի քույրն է` Նեմզար Բարսեղյանը, որը լուսանկարվելու պահին ամուսնացած էր: Կողքին կանգնած է Գևորգի որդին` Սիմոնը, ծնված 1902 թվականին, իսկ ձախ եզրի աղջնակը Գևորգի դուստր Վերժինն է, ծնված 1908 թվականին:ա

Դժնի օրերի վատ կանխազգացումով Գևորգը այս լուսանկարը պատվիրում է հինգ օրինակից և բաժանելով յուրաքանչյուրին իր նմուշը  պատվիրում, որ երբեք չբաժանվեն իրենց լուսանկարից ինչ պայմաններում էլ գտնվեն:

Սիմոնը մնում է Նեմզարի մոտ Պոլսում, իսկ Գևորգը Վարդ Խաթունի ու Վերժինի հետ վերադառնում է Ռոդոստո իր գործին, որտեղից էլ մի քանի օր հետո հայությանը տեղահանում են դեպի Դեր էլ Զոր: Վերժինի աչքի առաջ նահատակվում է հայրը: Իսկ հրակեզ ճանապարհին չդիմանալով նվաղած հոգեմաշ մայրը աղերսում է դստերը չկանգնել և շարունակել երթը շարասյան հետ: Յոթնամյա դեռահասի հայացքում տպվում է Մոսուլի ճանապահի բորբ արևի տակ անէացող իր մոր պատկերը:

1960 ական թվականներին Բուլղարիայից Լիբանան բանջարեղենի պահածո ներածող մի հայ վաճառական, ում անունը ցավոք չի պահպանվել, Պլովդիվ քաղաքում ծանոթանում է Սիմոն Ականջյանի հետ: Սակավահունչ այս ազգանունը նրան ծանոթ է թվում, իսկ երբ Սիմոնը ցույց է տալիս հոր պատվիրանով փայփայված լուսանկար մասունքը առավել ևս վստահ համոզվում է, որ թե ազգանունը և թե լուսանկարը իրեն ծանոթ են: Նրա իսկ խնդրանքով պատճենահանված լուսանկարը և հասցեն վերցնելով, երբ վերադառնում է Բեյրութ` ամենուր հարց ու փորձ է անում` ցույց տալով լուսանկարը: Ռոդոստացի մի կին ճանաչում է լուսանկարում պատկերված ընտանիքը, և ցույց տալիս Վերժին Հայրապետյանի տունը:

Հոգեցնցում չառաջացնելու վախով, հայ վաճառականը սրտի տրոփյունով բախում է հասցեատիրոջ դուռը:

Շեմին հայտնվում է տաքարյուն մի երիտասարդ` Մարկոս Հայրապետյանը, որը իմանալով փնտրվողի անունը` հարձակվում է անծանոթի վրան, սպառնալով թե ով է նա և ինչ գործ ունի իր մոր հետ: Իսկ տեսնելով լուսանկարը, առավել բորբոքված պահանջում է բացատրություն, թե ինչպես է առևանգել այդ մասունքը իրենց տնից: Ավագ եղբոր` Կարապետի հայտնվելով և իսկությունը պարզելով եղբայրները հոգեկան խոր ապրում են ունենում: Նրանք սկսում են իրենց մորը` Վերժինին կամաց կամաց ընտելացնել այն մտքին, որ իր եղբայրը ողջ է ու կարող է գտնվի: Բավական ժամանակ հետո ի վերջո նրանք հաստատում են, որ եղբորը տեսնող է եղել Պլովդիվում: Այդ ժամանակ սոցիալիստական Բուլղարիայի և կապիտալիստական Լիբանանի միջև թեև սերտ կապ չկար և հանդիպումը անորոշ էր, այնուամենայնիվ, Մարկոսը երդվում է մորը հանդիպեցնել մորեղբոր հետ:

Եվ 1966-ին Մարկոսը մորը ուղեկցում է Պլովդիվ` եղբորը տեսնելու: Եղեռնից ցաք ու ցրիվ եղած քույր ու եղբայր` շնորհիվ պահպանված լուսանկարի, ավելի քան կես դար հետո գտնում են իրար:

Լուսանկարում պատկերված 7 ամյա Վերժինը իմ ազնիվ բարեկամ Գևորգ Յազըճյանի մորական տատիկն է: Այս լուսանկարն էլ, զգայացունց պատմությունն էլ, իր պահոցից են:

Աղբյուրը՝ Վահան Քոչար

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed