Սևադա Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը Չինաստանում

Չինաստանի Նանջինգ քաղաքում բացվել է նկարիչ Սևադա Գրիգորյանի «Դեպի լույս» խորագրով անհատական ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են chinastan.org  կայքից:

Սևադա Գրիգորյանը ապրում և ստեղծագործում է Չինաստանում: Իր «Չինական շարքի» միջոցով նկարիչը ներկայացնում է Չինաստանի մշակույթից ստացած իր տպավորությունները:

Ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել, թե՛ չինացի, թե՛ այլազգի արվեստասերների շրջանակներում: Նկարչի գունանկար աշխատանքներում մեծ տեղ են զբաղեցնում ընտանիքի, սիրո և խաղաղության թեմաները: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նկարչի գրաֆիկական շարքը գրքի թերթերի վրա:

Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում հնչելու են Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները:

Սևադա Գրիգորյանը ծնվել է 1959 թ. Սյունիքի մարզի Քարաշեն գյուղում։ Նկարել սկսել է վաղ հասակից։ 1979 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նկարչության բաժինը։ Մասնակցել է գեղանկարչության դասընթացների Ռիգայի գեղարվեստի ակադեմիայում։ Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Ջերմուկ, որտեղ ստեղծագործական աշխատանքին զուգահեռ շուրջ 10 տարի դասավանդել է Ջերմուկի թիվ 1 հանրակրթական և Արվեստի դպրոցներում։ 1992 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1995 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ։ Աշխատանքները գտնվում են մասնավոր հավաքածուներում, Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունում, Սոլթ Լեյք Սիթիի «Sandy» կրթական կենտրոնում,Կարլովի Վարիի քաղաքապետարանում, Պիտիգորսկի հայ առաքելական եկեղեցում, Ջերմուկի քաղաքապետարանում, Հայաստանի ՄԱԿ-ի գրասենյակում:

Սևադա Գրիգորյանն աչքի է ընկնում իր յուրահատուկ ոճով, որը ներառում է մանրանկարչության տարրեր, ժողովրդական թեմաներով ներկայացված ֆիգուրատիվ կոմպոզիցիաներ։ Նրա աշխատանքների թեմաները ընդգրկում են հայկական գյուղական կյանքը, ջանասիրաբար աշխատող հոր ու հոգատար մոր կերպարը, ընտանիքում պահպանվող ներդաշնակությունը։

2005 թվականին կայացած Ճապոնիայի Կոբե քաղաքի ցուցահանդեսում Սևադա Գրիգորյանի «Տիրամայրը Մանկան Հետ» նկարը 81 երկրների 3000-ից ավելի նկարիչների կողմից ներկայացված շուրջ 8000 նկարների միջից ընտրվել է լավագույն 100-ի մեջ։

Սևադա Գրիգորյանը ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ճապոնիայում, Չինաստանում՝ Հյուգոյի գեղարվեստի պրեֆեկտուրալ թանգարանում, Շանհայի «Դաթիան Արթ» պատկերասրահում, Ջիաշան թանգարանում և Մոսկվայի նկարիչների կենտրոնական տանը։
2014 թվականի մարտին Դոնգդոնգ և Լուլու ստեղծագործական տան հրավերով Սևադա Գրիգորյանը մեկնել է Չինաստանի Նանջինգ քաղաք՝ գործունեություն ծավալելու։ Հետագայում ծրագրի շրջանակներում մասնակցել է բազում ցուցահանդեսների Չինաստանի տարբեր քաղաքներում՝ Շանհայ, Նինգբո, Չանգշա, Ջիաշան և այլն։

2015 թվականի ապրիլի 25-ին Նանջինգի Արվեստի համալսարանի ցուցասրահում կայացել է Սևադա Գրիգորյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Զարթոնք» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը:

Սևադա Գրիգորյանի նկարները տեղ են գտել նաև նորաձևության ասպարեզում։ 2014 թվականին պայմանգիր է կնքվել Գերմանիայում գործող հայկական էթնիկ SINOIAN նորաձևության բրենդի հետ։ Համագործակցության շրջանակներում ընկերությունը թողարկում է Սևադա Գրիգորյանի նկարների կերպարներով շապիկներ:

 

Լուսանկարները՝ նկարչի ֆեյսբուքյան էջից:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed