Սրտեր ջերմացնող համերգ. «Փարոս» կամերային երգչախումբ

Հունվար ամսվա ցուրտ և մառախլապատ եղանակին հակառակ, շատերը դեռ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների տրամադրության տակ են: Հունվարի 14-ին Կոմիտասի անվան կամերային երժշտության տան դահլիճում կայացած` «Փարոս» կամերային երգչախմբի համերգը (խմբավար` Րաֆֆի Միքայէլեան) կրկնապատկեց մայրաքաղաքում տիրող տոնական շունչը: Համերգի խորագիրն էր O Magnum Misterium` այն նվիրված էր հենց Սուրբ Ծննդյան օրվան:  Այդ թեմային անդրադարձել են տարբեր երաժշտական ուղղությունների  հեղինակներ, և «Փարոսի» երգացանկում տեղ գտած ստեղծագործությունները նույնպես պատկանում էին տարբեր դարաշրջանների (Ժ.դը Պրե, Լ.դե Վիկտորիա, Ա.Վիվալդի, Ի.Բրամս, Ա.Բրուքներ, Ջ.Լևիթ, է.Ուիթիքեր և այլոք): Խորհրդավոր և զուսպ, եռանդուն և պաթետիկ երգերից յուրաքանչյուրն ինքնատիպ էր և պահանջում էր կատարման մեծ վարպետություն:

«Փարոս» կամերային երգչախումբն իր ստեղծագործական հետաքրքիր մեկնաբանումներով և բարձրորակ ներկայացմամբ արդեն մեծ ճանաչում է վայելում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Մի շարք միջազգային մրցույթներում դափնեկրի կոչմանն արժանացած այս երգչախումբն աշխարհում միակն է իր տեսակի մեջ`երգչախմբի անդամների մեծ մասն ունի հաշմանդամություն: Այդպիսով, երգչախումբը մատուցում է ոչ միայն բարձրորակ և բարձրաճաշակ արվեստ, այլև ներառական աշխատանքային միջավայրի դրսևորման փայլուն օրինակ է:

«Փարոս» երգչախմբի Գլխավոր գործընկերն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, հովանավորն է «Փարոս» Հիմնադրամը (ԱՄՆ):

Հեղինակ Մ. Չալիկյան

Տարածել`
Share

You may also like...