Ստորագրվել է Հայաստանում ևԱրգենտինայում համատեղ ֆիլմարտադրության դաշտի զարգացմանն ուղղված համաձայնագիր

ՀՀ մշակույթի նախարարությունում երեկ ստորագրվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Արգենտինյան կինոռեժիսորների – DAC – տեսալսողական (աուդիովիզուալ) հեղինակների և ռեժիսորների գլխավոր ասոցիացիայի միջև կինեմատոգրաֆիական համագործակցության և փոխօգնության համաձայնագիրը»:
Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից։
Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը և Արգենտինայի կինո և տեսալսողական (աուդիովիզուալ) հեղինակների գլխավոր ասոցիացիայի (DAC) կողմից լիազորված Սիլվանա Ջարմոլուկը:
Համաձայնագիրը նպատակ ունի ձևավորել երկկողմ (Հայաստանում և Արգենտինայում) համագործակցության լայն դաշտ՝ տեսալսողական արտադրանքի բնագավառում, խթանել և համակարգել հայկական և արգենտինական տեսալսողական արտադրանքի ցուցադրումը, տարածումը, ինչպես նաև արտադրությունը և մարքեթինգը երկու երկրներում:
Երկկողմ համագործակցությունը մեծապես կնպաստի Արգենտինայում և Հայաստանում համատեղ ֆիլմարտադրության դաշտի զարգացմանը, ինչպես նաև կինոարտադրանքի տարածմանն ու վարձույթի ձևավորմանը:
Սույն փաստաթղթի շրջանակում, կողմերը նախապես կմշակեն գործողությունների համաձայնեցված ժամանակացույց այս կամ այն ծրագրի իրականացման համար, ինչը ենթադրում է նաև երկու երկրներում գործող համապատասխան կառույցների հետ աշխատանքների դյուրացում:
Համաձայնագրի շրջանակներում կողմերը կխրախուսեն փոխանակումները կադրերի պատրաստման ոլորտում, կիրականացնեն «Հայկական կինոյի շաբաթ» Բուենոս Այրեսում և «Արգենտինյան կինոյի շաբաթ» Երևանում:
- Previous «Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնանորոգում եւ արդիականացում է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը
- Next Փասադենայում Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգ կկայանա