Ստեփանակերտի կինոթատրոնի բացումը տեղի ունեցել «Առաջին դեմք» կատակերգության ցուցադրությամբ

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կինոթատրոնի մենեջեր Արթուր Կարապետյանը տեղեկացրել է, որ կինոթատրոնի բացումը կայացել է ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի՝ «Առաջին դեմք» կատակերգության ցուցադրմամբ:
«Այդ ֆիլմի առաջնախաղը դեռևս շարունակվում է և Ստեփանակերտը երրորդն է Երևանից ու Լոս Անջելեսից հետո, որտեղ ցուցադրվել է ֆիլմը:
Պայմանավորվածություն ունենք երևանյան ու արտասահմանյան մի շարք կինոարտադրողների հետ, որպեսզի նրանց ֆիլմերը ցուցադրենք մեզ մոտ: Այստեղ ցուցադրվելու են հիմնականում ժամանակակից ֆիլմեր ու համաշխարհային կինոաշխարհի նորույթներ : Փորձելու ենք մեր ներդրումն ունենալ քաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանը»,- ասել է Ա. Կարապետյանը՝ նշելով, որ դահլիճը 64 տեղանոց է:
Կինոթատրոնը հագեցած է ֆիլմերի ցուցադրման առաջադեմ ու ժամանակակից սարքավորումներով, իսկ նախասրահում ապահովված են բոլոր պայմանները՝ կինոդիտումը յուրահատուկ իրադարձություն դարձնելու համար:
«Կինոթատրոնում առկա են Արցախում միակ և առաջին լազերային պրոյեկտոր` Full HD պատկերի հնարավորությամբ, բարձրորակ ակնոցներով ակտիվ 3D Xpand համակարգ: Մինչև ընթացիկ ամսվա վերջ նաև 3D ձևաչափով ֆիլմեր ցուցադրելու հնարավորություն կունենանք»,- մանրամասնել է կինոթատրոնի մարկետինգի և վաճառքի մենեջեր Մարիաննա Աբրահամյանը:
Բացի հայկական արտադրության ֆիլմերից և մուլտֆիլմերից, ցուցադրվում են նաև արտասահմանյան ֆիլմեր:
Վալլեքս Գարդենի կինոթատրոնում հնարավորություն կընձեռվի նաև դիտել գիտա-հանրամատչելի ֆիլմեր` 3D ձևաչափով: Կինոթատրոնի ֆիլմացանկը նախօրոք տեղադրվում է հյուրանոցի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև սոցիալական ցանցերում:
Տոմսերի գները 500-1500 դրամի սահմաններում է՝ կախված ֆիլմի առաջնախաղ լինելու հանգամանքից և ցուցադրման ժամերից:
- Previous Ռիհաննան կարժանանա Մայքլ Ջեքսոնի անվան մրցանակի
- Next Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հրաշալի շարականների խորհուրդը (տեսանյութ)