Ստեղծագործելը հոգուս բարձրաձայնած ճիչն է, իմ էությունն է, աշխարհը ավելի վառ ու բարի դարձնելու հավատն է. Սոնա Վանյան

Գրողի, գրականության, գրքի մարդու համար չստեղծագործելը մահու չափ դժվար, անկարելի մի բա ն է: Դասականությունից մինչև աբսուրդ, մինչև ժամանակակից գրականություն`անկախ ժանրից, գաղափարի ու ասելիքից, միավորում է մեկ պարզ ճշմարտություն` սերը դեպի գիրքն ու գրականությունը, առանց որի այս մարդիկ ապրել անկարող են: Ի՞նչ է այսօր դրված երիտասարդ ստեղծագործողի առջև, ո՞րն է ժամանակակից գրողի լուսաբանման թեմաների գերխնդիրը: Այս և այլ թեմաների մասին  զրուցեցինք  երիտասարդ գրող, Երիտասարդ Գրողների Գրկան Ակումբի հիմնադիր և ղեկավար Սոնա Վանյանի հետ:
-Ինչո՞ւ եք գրում:
– Ստեղծագործելը հոգուս բարձրաձայնած ճիչն է, իմ էությունն է, աշխարհը ավելի վառ ու բարի դարձնելու հավատն է: Ստեղծագործում եմ, որովհետև ունեմ ասելիք և ցանկանում եմ հոգուս աշխարհին հաղորդակից դարձնել ամենքին:
-Ինչպե՞ս ստեղծվեց երիտասարդ գրողների ակումբը:
-Երիտասարդ գրողների գրական ակումբի ձևավորման գաղափարը չծնվեց միանգամից և մեկ օրում: Այն երկարատև պրպտումների, կուտակված երազանքների արդյունք էր, սկզբնական շրջանում ունեինք քիչ թվով ստեղծագործողներ, բայց փոխարենը մեծ էր հավատը, ձգտումը, հստակ էին անելիքներն ու ակնկալիքները:
ԵԳԳԱ-ի նպատակն էր համախմբել տաղանդավոր ստեղծագործողներին մեկ տանիքի տակ և դարձնել գրամշակութային կյանքի գործուն մասնակից:
Ի՞նչը կարող է գրողին խանգարել` ստեղծագործելու համար: Ո՞րն է Ձեր ներշնչանքի աղբյուրը:
 
-Գրողին կարող է խանգարել մտերիմների թերհավատ վերաբերմունքը, շուրջբոլորը ծավալվող բացասական և անհիմն քննադատությունը, ընթերցողների պակասը, չինքնակրթվելու բացթողումը, որը մի օր կանգնեցնելու է հոգու դատարկությունը գրկելու շեմին:
Գրական աշխարհը պայքար է, որտեղ մնում են տաղանդավորները: Ինձ համար ներշնչանքի աղբյուր կարող են դառնալ ամեն ինչը և ամենքը ՝ տպավորված ստեղծագործությունից մինչև ընկերներիցս մեկի սրտահույզ պատմությունը, անձնական փորձն ու հենց ինքը՝ կյանքը:
-Ըստ Ձեզ`ի՞նչ խնդիր է դրված այսօրվա երիտասարդ գրողի առջև:
– Երիտասարդ գրողի խնդիրները բազմազան են, բայց թերևս առանձնացնեմ մի քանիսը: Երիտասարդ գրողներին շատ արագ է աստղայինը տանում, երկու-երեք գովեստի խոսքերից հետո արդեն ունակ չեն լինում լսել բացթողումների մասին, բացակայում է առողջ գրաքննադատությունը, հաճախակի չեն կազամակերպվում գրական միջոցառումներ, մրցույթներ և հանդիպումներ, ինչն էլ իր բացասական հետևանքներն է թողնում, թեև արդարության համար պետք է նշեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում գրական եռուզեռի աշխուժությունն ակնհայտ է:
 
Լուսանկարում` ԵԳԳԱ ակումբի մասնակիցներն են
Զրուցեց Վարդ Գիշյանը
Աղբյուրը` menq.org
Տարածել`
Share

You may also like...