Ստամբուլահայ կինոռեժիսորը Երեւանում է Թուրքիայում ծպտյալ հայերի մասին պատմող իր ֆիլմով

Ստամբուլահայ կինոռեժիսոր, վավերագիր Ուղուր Էգեմեն Իրեսը իր «Հոգու անարատ վիճակը» ֆիլմով Հայաստանում է:
Ֆիլմում կինոռեժիսորը ներկայացնում է իր մեծ հոր՝ Հարություն Իրեսի եւ տատի մշտական վեճերի մասին, այն բանից հետո, երբ պապը հասուն տարիքում մկրտվում է եւ բացահայտում իր ինքնությունը՝ հայ լինելը:
«Այս ֆիլմը հիմնված է տատիկիս եւ պապիկիս վեճերի վրա: Չնայած որ երկուսն էլ հայ էին, տատս պնդում էր, որ մեր ընտանիքը որպես թուրք մուսուլան է ճանաչված, իսկ պապս չպետք է բացահայտեր այդ մասին: Տատիկիս հիվանդագին այս վիճակը տասնյակ տարիներ շարունակվեց, եւ մեզ վրա այդ մտայնությունն էր ուզում տարածել, թե մենք թուրք ենք»,-այս մասին այսօր՝ մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց կինոռեժիսորը:
Կինոռեժիսորի խոսքով՝ ընտանեկան պատմության միջոցով ինքը փորձել է վեր հանել Թուրքիայում ապրող ծպտյալ հայերի խնդիրները:
«Տատիկս հիվանդագին էր ընդունում պապիս՝ արմատներին վերադառնալը, քանի որ կար հասարակության ճնշում: Մենք Թուրքիայում ենք ապրում, անգամ մեր ընտանիքների մեջ ենք ունենում այս խնդիրները եւ պրոբլեմներ չունենալու, չտուժելու համար գաղտնի ենք պահում մեր ինքնությունը: Այս ֆիլմը ընտանիքի պատմություն է, եւ ընտանիքից օրինակով հասարակական իրավիճակի մասին է խոսում»,-նշեց կինոռեժիսորը:
Ուղուր Էգեմեն Իրեսը պատմեց, որ իրենից 2 տարի է պահանջվել պապին համոզելու իր հայկական արմատների մասին պատմել:
«1915թ. իր ծնողների պատմածները այնքան խորը հետք էին թողել պապիս վրա, որ երկար ժամանակ հրաժարվում էր դրանք պատմել, եւ սկսեցի այս վավերագրական ֆիլմի նկարահանումները»,-ասաց նա:
Հարություն Իրեսը, որը թոռան հետ Հայաստան է եկել, նշեց, որ մկրտվելը եւ իր ինքնությունը բացահայտելը դժվար է եղել, քանի որ հասարակության ճնշումներից բացի անախորժություններ է ունեցել իր կնոջ հետ, որը ընտանիքում միակն է եղել, որ հրաժարվել է բացահայտել իր հայ լինելը:
Իսլամացած հայը նշեց, որ Երեւանում իրեն ամեն ինչն է դուր եկել, հատկապես՝ Հայոց Ցեղասպանության թանգարանը:
«Երեկ մի քիչ ման եկա, շատ հուզվեցի, լացս եկավ, բայցեւ հպարտ էի»,-ասաց Հարություն Իրեսը (Երիցյանը):
Նշենք, որ «Հոգու անարատ վիճակը» ֆիլմի կցուցադրվի մարտի 3-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ կենտրոնական շենքում:
news.am
- Previous Հայկական «Մարալ» համույթը Ստամբուլում առաջին անգամ բեմադրելու է «Արա Գեղեցիկ եւ Շամիրամը»
- Next Վենետիկի բիենալեի դափնեկիր Օհանջանյանը Միլանի համալսարանում ցուցահանդես է բացել