Սպիտակ գառը.Սերո Խանզադյան

Գյուղից բավական հեռու, խոր ձորի մեջ գտնվող այգիների պահապան Նավասարդ ապերը կռացել էր ընկուզենու տակից բխող աղբյուրի վրա ու միջօրեի տապից վառված երեսն էր լվանում, երբ լսեց բրիգադիրի ձայնը.
– Նավասա՛րդ ապեր, ա՛յ Նավասարդ ապեր, ձեր Արշակը քաղաքից եկել է:
– Ի՞նչ,- մեջքը դժվարությամբ ուղղելով` գոչեց ծերունին և զարմանալի առույգ քայլերով վազեց դեպի ուրախալի լուր բերողը,- եկե՞լ ա, ասում ես, իմ Արշակը. ե՞րբ ա եկել, հիմա որտե՞ղ ա:
– Հրե՜ն, գյուղում, աչքովս տեսա: Կապույտ «ԶԻՄ»-ով է եկել: Երանի՜ քեզ, Նավասա՜րդ ապեր, որ այդպիսի հարազատ ունես:
Արևը տասնապատիկ պայծառացավ ծերունու համար, ու ձորն էլ լցվեց մարդու երակների արյունը եռացնող երգով: Նավասարդ ապերը շփեց մորուքը, կարոտով նայեց գյուղի կողմը և պոկ գալով տեղից` վազեց դեպի հնձան:
Տասը տարի էր, ինչ չէր տեսել Արշակին: Ամեն տարի աչքը գյուղ բերող ճանապարհին հառած, ականջը ձենի` սպասել էր ու համբերել, համբերել էր ու սպասել: Հիմի վերջապես կտեսնի նրան: Լավ էլ ժամանակ է եկել Արշակը, ձորը լիքն է աշխարհի ամեն տեսակ մրգերով, ինքն էլ առողջ է ու դեռ կայտառ:
Գյուղում ոչ մի ազգական ու հարազատ չուներ Նավասարդ ապերը: Բախտի անողոք վճռով զավակ չէր ունեցել, իսկ կինը մահացել էր շատ վաղուց: Սովից մեռել էին նաև նրա եղբայրն ու կինը, իրենց միակ որդուն` Արշակին թողնելով որբ:
Դեպի հնձան գնալիս նա առվի եզերքից վերցրեց բահն ու փորեց հնձանի խոնավ, գինեհոտ հողը, հանեց տասը տարի առաջ այդտեղ թաղած գինու կուլան, շոշափեց նրա սառը լանջը, հոտ քաշեց փակ բերանից ու ժպտաց: «Առյուծի կաթ է դառել»,- գոհունակությամբ մտածեց նա ու հիշեց, որ գետափի թզենու մոտ է գտնվում բոստանի ամենամեծ ձմերուկը, և արագ գնաց այնտեղ, կռացավ, պոկեց գրեթե փթանոց ձմերուկը, արխալուղի փեշով սրբեց նրա վրայի արծաթագույն փոշին ու հիացավ փայլուն զոլերով: «Արշակս ձմերուկ շատ է սիրում»,- մտաբերեց նա, չոքեց գետնին, ականջի տակ սեղմեց ձմերուկն ու գոհ մնաց: Հետո մեջքն ուղղելով գնաց դեպի թզենին: Ձեռքերն ու դեմքը ճանկռոտելով՝ բարձրացավ ծառը ու քաղեց թռչունների կտցած, շաքարահամ թուզը: Այդպես նա այգու բոլոր բարիքներից ջոկեց, քաղեց ամենալավերն ու խնամքով դասավորեց նախշավոր խուրջինի աչքերում: Այդ անելուց հետո գնաց գետափ, որտեղ արածում էր վեց ամսական սպիտակ գառը, այն գառը, որ ինքն էր կերակրել, մեծացրել լավ օրվա համար: «Հիմի սրանից լավ օր չկա, Արշակս եկել է»,- ինքն իրեն ասաց նա ու բաց թողեց կապած գառը: Գառը կամաց մայեց.
– Մա՜…
– Ջանի՜,- արձագանքեց ապերը,- գնա՛նք, գա՛ռ ջան, Արշակս եկել է:


Ձորից դեպի գյուղ ոլորվող կածանով բարձրանում էր Նավասարդ ապերը: Ծանր խուրջինը ճնշում էր նրա ուսը, մեջքը, կուլայի մեջ ճողփում էր տասը տարվա գինին, իսկ հեզ ու հնազանդ գառը մե՛րթ առաջ էր ընկնում նրանից, մե՛րթ` ետ:
– Էդ ինչի՞ ես գյուղ գնում, Նավասա՛րդ ապեր,- հարցնում էին մարդիկ:
– Արշակս եկել ա,- հպարտ պատասխանում էր ծերունին:
Ճանապարհին գտնվող ամեն մի թուփ ու ծառ, ամեն քար ու աղբյուր նրան հիշեցնում էր Արշակի մանկությունը:
…Ամեն երեկո նա ձորից գյուղ էր բարձրանում, շալակի խուրջինի վրա նստեցրած տանելով դեռ երեք-չորս տարեկան Արշակին:
Ահա նստում էին այս քարին, ապերը տանձ էր տալիս երեխային ու արխալուղի փեշով սրբում նրա քիթը: Այս այն կեռասենին է, որից յոթ տարեկան Արշակն ընկավ, ու ոտքը դուրս եկավ: Նավասարդ ապերը հիշում է, թե ինչպես ինքը տղային շալակեց, տարավ հեռու մի գյուղ սնղչու մոտ ու շալակած էլ ետ բերեց` ոտքը տեղը գցած:
Այս այն աղբյուրն է, որից Արշակը սիրում էր ջուր խմել: Ապերը ձեռքերը ափ էր անում, ջրով լցնում ու դեմ անում տղային, մինչև սա կոտրում էր ծարավը:
Ծերունին երբեք չի մոռանում ահա այս փոքրիկ այգին, որի ծառերը հիմա էլ ամեն տարի բերք են տալիս, և նրանց տակի կանաչը դալար է մնում մինչև ուշ աշուն: Այդ այգին նա ժառանգել էր իր մորից, բայց շատ տարիներ առաջ ծախել էր` Արշակին քաղաք ուղարկելու, ուսումի տալու համար:
Քիչ բան չի ծախել նա, մինչև Արշակը ավարտել է համալսարանը, սովորել Մոսկվայում, մինչև դարձել է մեծ մարդ:
Հաճախ էր նա համագյուղացիների մոտ պարծենում, որ իր Արշակը մեծ, շա՜տ մեծ պաշտոն ունի մայրաքաղաքում. ման է գալիս ամենալավ մեքենայով, ապրում է ամենաբարձր տանը, և որ մարդիկ նրա մոտ «պրոպուսկով» են գնում:
Մեկ-մեկ հիշելով անցյալում Արշակի հետ պատահած բոլոր դեպքերը՝ ծերունին ոտքերին զոռ էր տալիս` որքան կարելի է շուտ հասնել գյուղ: Խուրջինում ճողփում էր կուլայի գինին, իսկ հետևից գալիս էր հեզ ու հնազանդ գառը:
Հասավ գյուղ:

Նրա զարմանքը շատ եղավ, երբ Արշակի մեքենան չտեսավ իր դռանը: «Էս ինչի չի մաշինը էստեղ քշել, հը՞,- ինքն իրեն հարցրեց ծերունին,- է՜… խելքս տանուլ եմ տվել: Ախր մեր տան ճանապարհը քարքարոտ է, Արշակիս մաշինան կփչանար, լավ է արել, որ էստեղ չի բերել»:
Նրա տունը միհարկանի, տափակ կտուրով, հողահատակ պատշգամբով ու նեղ բակով քարաշեն տուն էր, որը, ո՞վ գիտե, ո՞ր դարից, արծվի բնի նման կպել էր լեռնալանջին, կորել ուրիշ տների մեջ:
Նավասարդ ապերը մտավ բակ, բեռը ցած դրեց, գառան առաջ խոտ գցեց և առաջին անգամ ցավով տեսավ, որ իր տունը խղճուկ է ու անշուք: «Դե, բա՛ն չկա, Արշակս հո չի քաշվի, իր տունն ա, էնտեղ ա ապրել, մեծացել»,- մխիթարեց ինքն իրեն ու սկսեց բակը կարգի բերել:
Պատի վրայից երևաց հարևան պառավի գլուխը:
– Աչքդ լի՛ս, Նավասա՜րդ, Արշակդ եկել ա:
Նավասարդ ապոր աչքերը շողացին:
– Շնորհակա՜լ եմ, քու ղարիբն էլ տուն գա:
– Բա ասիլ չես` Արշակիդ տեսա:
– Մեր տուն էր եկե՞լ:
– Չէ՜, գրասենյակի առաջ տեսա. գնացել էի կոոպերատիվից ասեղ առնելու, Արշա՜կ, ի՜նչ Արշակ, մի սրբած թուր, թազա թագավոր, մի շահզադա: Վրան նայելուց մարդու աչքը կշտանում չի: Աստված քեզ արժանի՜ անի:
– Շնորհակա՛լ եմ,- ուրախությունից կերկերուն ձայնով ասաց ապերը ու նոր եռանդով սկսեց կարգի բերել բակը:
Հարևանի հորթերը մտել էին բակ ու կեղտոտել: Ծերունին ցախավելով մաքրեց բակի աղտեղությունը: «Երեխիս ոտնամանները կկեղտոտվեն»: Հետո քարով ծեծեց, ծալեց պատշգամբի սյունի վրայի ցցված մեխը: «Արշակիս շորը կընկնի մեխովը, կճղվի»,- մտածեց ու բաց արեց վաղուց փակ դուռը:
Մերկ պատի տակ նիրհում էր փայտե հնամենի մահճակալը: «Կասեմ՝ Արշա՛կ, մի՞տդ ա, որ քնում էիր էս կառավաթին, ես էլ տափին,- տեղաշորերը թափ տալով խորհեց ծերունին,- կասեմ` էս էլ քու էն հին գավաթն ա, է՜, որից ջուր էիր խմում: Բա՜… տես է՜, Արշա՜կ, էս էլ ախր քու փայտի գդալն ա, միտս ա, ուստա Մանասից առա, բերի: Դու տզտզացիր, թե` ինչի՞ գդալի կոթին նախշեր չկան. տարա նախշել տվի»:
Մտքում Արշակի հետ զրուցելով` ծերունին գնաց աղբյուր, ջուր բերեց, ցանեց բակում, պատշգամբում, տանը և ավելը ձեռքն առավ…
Նորից պատի վրայից երևաց հարևան պառավի գլուխը:
– Արշակը գրասենյակից գնացել ա նախագահի տունը, Նավասա՛րդ, իմացա՞ր:
– Չէ՛, ե՞րբ ա գնացել:
– Քու գալուց առաջ:
– Դե տեսել ա, որ ես տանը չեմ, գնացել ա դինջանա, հրես որտեղ որ ա կգա:
– Հա՛, կգա:
Ծերունին չոր փայտ կտրտեց, դարսեց օջախի մոտ` խորովածի կրակի համար, հետո դանակը գոտուց հանեց ու մոտեցավ գառանը: Մոտեցավ, բայց փոշմանեց: «Չէ՜, թող Արշակս գա, ոտնատակին մորթեմ,- որոշեց նա ու նայեց նախագահի երկհարկանի տան կողմը,- էս ինչի՞ չի գալիս, օրը, հրես, կմթնի, բերած թուզս կփչանա, հոնն էլ համը կփոխի»: Եվ որպեսզի թուզը չփչանա ու հոնը համր չփոխի, հանեց խուրջինից ու շարեց պատուհանի գոգին` զով տեղ: Հետո հարևանից խնդրեց նրանց նոր սփռոցը, բերեց, փռեց սեղանին, կարպետը թափ տվեց, գցեց թախտին ու բարձեր դրեց վրան:
Ամեն ինչ պատրաստ էր, բայց Արշակը չկար:
«Էս ինչի՞ չի գալիս,- անհանգստացավ ծերունին,- ինչի՞ է ինձ թողել, իրա տունը թողել, գնացել նախագահի տուն»: Այս հարցերից նրա աչքերը կկոցվեցին ու ձեռքը թեթևակի դողաց, բայց իսկույն հանգստացրեց ինքն իրեն,- է՜… մեծավոր մարդ ա, օրենքի մարդ, բա մի չգնա նախագահի տունը տեսնի՞, իմանա, թե գյուղի գործերը ոնց են: Կգա էլի՜, ինչի՞ եմ վռազում, կգա: Մի իրեք-չորս օր կպահեմ մոտս, որ պատկերքից կշտանամ, չեմ թողնի, որ շուտ գնա:
Արևն արդեն մայր էր մտնում, բայց Արշակը չկար: Ծերունու անհանգստությունը սաստկացավ: Եղավ մի պահ, որ նա ցանկացավ գնալ նախագահի տունը, բայց հիշեց, որ նրանից խռով է դեռ հերվանից ու միտքը փոխեց: «Ո՛չ ահ ունի, ո՛չ ամոթ էս մեր նախագահը, էնքան խալխի միջին երեսիս ավել-պակաս խոսքեր շպրտեց գետինը մտածը»: Նա դուրս եկավ սենյակից, կանչեց հարևան պառավի թոռանը.
– Մի գնա, տես մեր Արշակն ի՞նչ ա անում էնտեղ, արևիդ մատա՜ղ, ասա, որ ես ձորից եկել, իրան եմ սպասում:
Տասնչորս տարեկան տղան վազեց նախագահի տունն ու քիչ հետո վերադարձավ:
– Տեսա՞ր մեր Արշակին,- հարցրեց ծերունին:
– Հա՜:
– Վա՜յ, ես քո աչքերին մատա՜ղ… ի՞նչ էր անում:
– Գինի էր խմում:
– Ասացի՞ր, որ ես եկել եմ:
– Հա՛:
– Ի՞նչ ասաց:
– Ասաց` լավ:
«Ասաց լա՜վ…- մտքում կրկնեց ծերունին,- ասել է` հրես ուր որ է կգամ, դե կգա, էլի՜… ես կրակ անեմ խորովածի համար»:
Քիչ հետո օջախի մեջ ճրթճրթաց, բորբոքվեց կրակը: Նավասարդ ապերը չոքեց կրակի մոտ ու մաքրեց շամփուրները: Հետո մտավ տուն, աթոռ դրեց, բարձրացավ, մաքրեց էլեկտրական լամպն ու նստեց սեղանի մոտ:
Նստեց ու սպասեց:
Ժամերն անցնում էին ծանր ու դանդաղ: Գյուղում բռնկվեցին էլեկտրական լամպերը: Հնամենի տան պատերը ժպտացին: Դրսի ձայները հետզհետե մարեցին, միայն շների հաչոցն էր լսվում տխուր ու տաղտկալի:
Արշակը չկար:
Կրակը մարեց, ծածկվեց մոխրի քողով ու կուչ եկավ: Սպիտակ գառը նստել էր խոտին ու որոճում էր` անմեղ հայացքով նայելով պատուհանի լույսին:
Ամբողջովին լսողություն դարձած Նավասարդ ապերը նայում էր բաց դռանը ու ականջ դնում: Նրա աչքերը հոգնեցին, ջրակալեցին, ու գլուխը սկսեց ծանրանալ: Հանկարծ նա կանգնեց տեղը, բայց ոտքերը չշարժվեցին: «Ինչի՞ ես գնում նրա ոտքը, մեծը ես եմ, փոքրն` ինքը, թող ինքը գա:- Նա ուզեց մտքում բարկանալ Արշակի վրա, բայց իսկույն զղջաց,- է՜… վնաս չունի, մեծավոր մարդ ա, հալբաթ գործ ունի նախագահի հետ, հիմա չգա էլ, առավոտը հո կգա ու կգա»:
Եվ նորից սպասեց: Սպասեց երկար: Այնինչ աշնանային գիշերը հոսում էր ձորի մեջ և ուր որ էր, կսպառվեր: Ծերունու աչքերը մշուշվեցին բաց դռանը նայելուց, և քունը հետզհետե նվաճեց նրան: Նա քնեց հենց նստած տեղը` մորուքը կրծքին:


Չգիտեր, թե որքան էր քնել, երբ արթնացավ դրսից լսվող մեկի ձայնից: Նա աչքերը բացեց ու զարմանքով տեսավ, որ լույսը բացվել էր, ու նույնիսկ պատուհանից ներս էին ընկել արևի շողերը:
– Նավասա՛րդ, ա՛յ Նավասա՛րդ,- կանչում էր հարևան պառավը:
Ծերունին դուրս թռավ: Պառավի գլուխը երևում էր պատի վրայից՝
– Ա՛յ մարդ, քնով ես անցե՞լ, ի՞նչ է:
– Հա՛,- աչքերը տրորեց ծերունին,- ի՞նչ ա, չլինի՞ Արշակը եկալ ա…
– Չէ՜…- գլուխը տարուբերեց պառավը,- Արշակը, հրե՜ն, գնում ա…
Պատշգամբի ծածկն ասես փլվեց Նավասարդ ապոր գլխին: Նա վազեց դեպի ցածլիկ գոմը, բարձրացավ կտուրն ու նայեց գյուղից ելնող ճանապարհի կողմը:
Արևի շողերից բոցավառված Արշակի մեքենան սլանում էր դեպի հեռուները… Ծերունին ձեռքերով խփեց գլխին ու փլվեց գոմի կտուրին: Երկար ժամանակ ցնցվում էին նրա բարակ ուսերը: Նա հեկեկում էր:
Քիչ հետո ճոճվող, բոլորովին ծերունական քայլերով նա իջնում էր դեպի այգիների ձորը: Քայլում էր երերալով, գլուխը կախ: Մեջքն ավելի կուզ էր երևում, իսկ աչքերը խոր էին ընկել:
Նրա հետևից գնում էր սպիտակ գառը ու երբեմն մայում սրտամորմոք ձայնով.
– Մա՜…
1954 թ.

Աղբյուրը` grakantert.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed

Արխիվ

November 2019
M T W T F S S
« Oct    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930