Սոնա Ռուբենյանն արժանացել է «Նոր ալիք»-ի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին

«Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը 19 370 ձայնով հաղթող է ճանաչվել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մրցույթի պաշտոնական կայքում հայտնվել են մրցանակի համար օրեր շարունակ անցկացված քվեարկության արդյունքները:

Մրցույթի քվեարկությունը պետք է ավարտվեր այսօր` ժամը 12:00-ին, սակայն այն երկարաձգվել էր մինչև 17:00-ն: Ժամը 12:00-ի արդյունքներով ևս առաջին տեղում մեր պատվիրակն էր՝ Սոնա Ռուբենյանը: Երկրորդ հորիզոնականում է Ղազախստանի ներկայացուցիչ Ալիշեր Կարիմովը՝ 18158 ձայնով, իսկ երրորդ տեղում 16324 ձայնով Մոնիկա Լինկիտեն է Լիտվայից:
Ռուբենյանը հատուկ մրցանակ կստանա նաև woman.ru կայքի կողմից: Շաբաթներ շարունակ woman.ru-ի ընթերցողներն ընտրել են «Նոր ալիք»-2014 մրցույթի իրենց սիրելիին և քվեարկել են նրա համար: Օնլայն քվեարկության արդյունքներով Սոնան հավաքել է 487 ձայն:
«Նոր ալիք» մրցույթը Յուրմալայում այս տարի անցկացվում էր հուլիսի 22-27-ը: Մրցութային համերգների հեռարձակումից բացի, ցուցադրվում էին օրագրեր, որոնք հեռուստադիտողին հնարավորություն են ընձեռում ավելի լավ պատկերացում կազմել մրցույթի շրջանակներում հայ պատվիրակի առօրյայի մասին:
Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին և 29-ին`Մոսկվայում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Սոնա Ռուբենյանն արժանացել է «Նոր ալիք»-ի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին”

Leave a Reply

Your email address will not be published.