Սթիվեն Սիգալին և Ռոյ Ջոնսին առաջարկել են ՌԴ-ում հակաալկոհոլային արշավի դեմքը դառնալ
Դերասան Սթիվեն Սիգալին ու բռնցքամարտիկ Ռոյ Ջոնսին առաջարկել են ռուսական հակաալկոհոլային արշավի դեմքը դառնալ, տեղեկացնում է Lenta.ru-ն:
Համապատասխան նախաձեռնությամբ է հանդես եկել Ռուսաստանի կամավորների միության նախագահ, նախագահին կից մարդու իրավունքների խորհրդի նախագահության անդամ Յանա Լանտրատովան:
Նշվում է, որ Սիգալի ու Ջոնսի թեկնածությունն ընտրվել է, քանի որ նրանք «հայտնի են առողջ կենսակերպով և հարգում են Ռուսաստանը»։
Նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ երիտասարդների շրջանում անհրաժեշտ է ամրապնդել հաջողությունների ու առողջ կենսակերպի միջև եղած կապը։
Միևնույն ժամանակ՝ ՌԴ-ում Սիգալի ներկայացուցիչ Տիմոֆեյ Բրիկը հայտարարել է, որ դերասանի հետ դեռ ոչ ոք չի կապվել, սակայն եթե նման առաջարկ լինի, Սիգալը կուսումնասիրի այն:
Ռոյ Ջոնսի ներկայացուցիչը վստահ է, որ բռնցքամարտիկը կհամաձայնի արշավի դեմքը դառնալ։
«Մենք արդեն ավելի քան տասը տարի ընկերություն ենք անում, և ես ոչ մի անգամ չեմ տեսել կամ լսել, որ նա ալկոհոլ է օգտագործում: Նրա կյանքն օրինակ է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել առանց խմիչքի»,-ասել է Ռոյ Ջոնսի ներկայացուցիչը։
- Previous ԱՄՆ-ում գողացել են Էնդի Ուորհոլի՝ 350.000 դոլար ընդհանուր արժողությամբ 9 կտավ
- Next Մեկնարկել է Մադոննայի Rebel Heart Tour համաշխարհային շրջագայությունը