Սերժ Սարգսյանն այցելել է «Մեգերյան կարպետ»

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այցելել են «Մեգերյան կարպետ» ընկերություն, որն արտադրում է տարբեր դիզայնի եւ խտությունների ձեռագործ գորգեր: Ընկերությունն իր գործունեության հիմնական նպատակներից է համարում աշխարհում սփռված հայկական մշակութային արժեքների պահպանումը, վերականգնումը եւ վերարտադրությունը: Վերջին տարիներին ընկերությունն զբաղվում է նաեւ հին ձեռագործ գորգերի վերականգնմամբ եւ վերանորոգմամբ:

Հանրապետության նախագահը եւ տիկին Ռիտա Սարգսյանն ընկերության «Հովհաննես եւ Նոյեմի Մեգերյան» հայկական ձեռագործ գորգերի թանգարանում շրջայցի ժամանակ ծանոթացել են ժամանակակից Հայաստանի տարբեր տարածաշրջանների, Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի հին գորգերին, գորգագործների տեղամասում դիտել աշխատանքային գործընթացը: «Մեգերյան կարպետի» ցուցասրահներում նրանց ներկայացրել են նաեւ նոր ձեռագործ գորգերը:

Ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում՝ Եգիպտոսում, Պակիստանում, Աֆղանստանում, Չինաստանում, Հնդկաստանում, Ռումինիայում: «Մեգերյան կարպետ» ընկերությունն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2000թ.: Հայաստանի տարբեր շրջաններում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում ընկերության կողմից վերաբացվել են նախկին 20 արտադրական մասնաճյուղերը:

«Մեգերյան կարպետի» պատասխանատուների հավաստմամբ, մինչեւ տարեվերջ նախատեսվում է եւս երկու հայաստանյան մասնաճյուղերի վերագործարկում, որը հնարավորություն կտա ավելացնել եւ՛ արտադրության ծավալները, եւ՛ աշխատակիցների թիվը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Սերժ Սարգսյանն այցելել է «Մեգերյան կարպետ»”

Leave a Reply

Your email address will not be published.