Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայկյան» մրցանակաբաշխությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ավանդական դարձած՝ արդեն 15-ամյա պատմություն ունեցող «Հայկյան» մրցանակաբաշխությանը, որը նպատակ ունի խրախուսել երիտասարդական կազմակերպությունների, որոշակի հաջողությունների հասած երիտասարդ քաղաքացիների, այդ թվում՝ ուսանողների ձեռքբերումները, ովքեր տարվա ընթացքում առանձնացել են իրենց ակտիվությամբ եւ տարբեր ոլորտներում իրականացրած ծրագրերի բովանդակությամբ:

2015թ. մրցանակներ են շնորհվել մի շարք անվանակարգերում՝ լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն Երեւան քաղաքում, լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն մարզում, ինքնատիպ երիտասարդական նախագիծ, ուսանողական խորհրդի լավագույն նախագահ, լավագույն միջբուհական ծրագիր, լավագույն երիտասարդական հաղորդում, լրատվական նախագիծ, լավագույն միջազգային կառույց, լավագույն երիտասարդական գիտական նվաճում, լավագույն ուսանողական ինքնակառավարման մամին:

Ավանդական անվանակարգերից բացի, շնորհվել են նաեւ հատուկ մրցանակներ, որոնք մրցանակակիրներին հանձնել է նախագահ Սերժ Սարգսյանը: Հատուկ մրցանակներ են շնորհվել Գոհար Մարտիկյանին՝ «Ապրելու բանաձեւ» ռազմահայրենասիրական մատենաշար-ծրագրի համար, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին՝ երիտասարդության եւ հանրության շրջանում դասական արվեստի տարածման գործում ունեցած ավանդի համար եւ 10-ամյա հոբելյանի առթիվ, Ֆիզիկամաթեմատիկական դպրոցի սան Էդգար Վարդանյանին՝ 2014-2015թթ. առարկայական միջազգային օլիմպիադաներում ցուցաբերած բարձր արդյունքների համար, Սամվել Կարապետյանին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում իրականացված «Եղեռն՝ եղեռնից հետո» ծրագրի համար, Արամ Անտինյանին՝ Հայաստանում առաջին բարեգործական սրճարանի գաղափարը կյանքի կոչելու եւ մեծաթիվ կարիքավորների օգնելու համար, ՀՀ զինված ուժերի ծառայող, մայոր Սարգիս Ստեփանյանին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս դրսեւորած մարտական սխրանքի ու անմնացորդ նվիրումի համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է «Հայկյան» մրցանակի արժանացած բոլոր մրցանակակիրներին, եւս մեկ անգամ ողջունել եւ կարեւորել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի այս նախաձեռնությունն ու անսպառ եռանդ եւ հետագա նորանոր հաջողություններ մաղթել երիտասարդներին:

«Ուզում եմ անկեղծորեն խոստովանել, որ ես միշտ հաճույքով եմ գալիս «Հայկյան» մրցանակաբաշխությանը, որովհետեւ գտնվել մի միջավայրում, որտեղ գովաբանվում, գնահատվում, խրախուսվում է նոր գաղափարը, նոր նախաձեռնությունը, բարի գործը, ոչ միայն հաճելի է, այլ նաեւ օգտակար, որովհետեւ մարդ դրական լիցքեր է ստանում: Իրոք, ես որեւէ առնչություն չունեմ մրցանակների շնորհման հետ, թեեւ, բոլոր մրցանակակիրները, չգիտես ինչու, ինձ են շնորհակալություն հայտնում: Շնորհակալություն հայտնե՛ք ձեր հասակակիցներին: Սա այս մրցանակաբաշխության առավելություններից մեկն է, որովհետեւ նախաձեռնությունը երիտասարդինն է, գնահատողն էլ երիտասարդ է: Այսինքն` ավագներն իրենց կամքը չեն պարտադրում, չեն ասում՝ այս մեկը լավ է, այս մեկը վատ է: Երիտասարդն է ասում՝ սա լավ է, իսկ այս մեկն այնքան էլ լավ չէ: Սա, անշուշտ, ոգեւորիչ է: Ոգեւորիչ է, որովհետեւ այն ինչին մենք այսօր էլ ականատես եղանք այս դահլիճում, կապված է մեր երկրի ապագայի, մեր գալիքի հետ: Ծեծված խոսքերն են, բայց միշտ անհրաժեշտություն կա կրկնելու, որ հայրենիքի ապագան միշտ երիտասարդների ձեռքում է: Դուք բոլորդ փայլուն մարդիկ եք, լավ երիտասարդներ եք: Մեր երիտասարդության ճնշող մեծամասնությունը, անկեղծ եմ ասում, փայլուն են, ուղղակի, պաշտպանում են մեր հայրենիքը: Այսօր մեր հանրապետության ամենաերիտասարդական կառույցը հայկական բանակն է: Մեր երիտասարդները ձեռքբերումներ ունեն բոլոր ոլորտներում: Տեսեք, այսօր կարելի է արդեն նրան երիտասարդ անվանել՝ մարդը համաշխարհային առարկայական օլիմպիադաներում Հայաստանի պատիվն է պաշտպանում, եւ իր նման՝ 21 հոգի: Այս պահին բոլոր ոլորտներում մենք ունենք հաջողություններ, եւ դա ի շնորհիվ երիտասարդների: Ուրեմն, մեր երկրի ապագան ամուր ձեռքերում է: Ուզում եմ, որպեսզի մի 20, 30, 40 տարի հետո արդեն դուք լինեք ամբիոնից խոսողները եւ դուք մտածեք, թե ինչպիսի՞ նախաձեռնություններով կարող եք երիտասարդներին խրախուսել, դեպի ո՞ւր կուղղեք նրանց: Եվ այսպես միլիոն տարի: Ապրե՛ք: Շնորհակալ եմ»,-երիտասարդներին ուղղված ողջույնի խոսքում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայկյան» մրցանակաբաշխությանը”

Leave a Reply

Your email address will not be published.