Սերժ Թանկյանը հայտարարել է «7 նոտա» երաժշտական մրցույթ-մարտահրավերի հաղթողներին

Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն ու «Ստեղծագործական Հայաստան» արվեստի հիմնադրամն ու պրոդյուսերական ընկերությունը հայտարարել են «7 նոտա» երաժշտական մրցույթ-մարտահրավերի հաղթողներին:

Ինչպես հայտնում է armenianweekly.com-ը, 5.000 դոլար մրցանակը կիսվելու է Մարիամ Պետրոսյանի (Հայաստան) և Alpha Lighting System-ի (Մեքսիկա) միջև:

Առաջին հաղթողը մեքսիկական բենդն է, որի 4 անդամները պրոգրեսիվ ռոքի ու ջազի տարրերի համադրման միջոցով ունկնդիրներին «ուղարկում» են էպիկական երաժշտական ճանապարհորդության, մանրամասնում է աղբյուրը:

«Սա իմ լսած ամենահրաշալի պրոգրեսիվ երաժշտությունն է»,-ասել է Թանկյանը մրցույթի համար խմբի ներկայացրած life.exe երգի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է 2-րդ հաղթող Մարիամ Պետրոսյանին, ապա Լոնդոնի երաժշտական քոլեջի շրջանավարտը ներկայացրել է Here I Come երգը:

«Գեղեցիկ երգ, որը չի կարող մոռացվել»,-նշել է Թանկյանը:

Հայտնի է, որ հաղթողներն ընտրվել են System of a Down ռոք խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանի, Capital Cities վոկալիստ Սեբու Սիմոնյանի, ջազ երաժիշտ Տիգրան Համասյանի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանի, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի երաժշտական դպրոցի պրոֆեսոր Ջուդիթ Սմիթի և Սերժ Թանկյանի կողմից:

Նշվում է, որ հաղթած երգերին, ինչպես նաև ստացված հազարավոր երաժշտական ստեղծագործություններից ընտրված լավագույն 500-ին կարելի է ծանոթանալ 7NotesExperiment.com կայքում:

 

Աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed