Սերժ Թանկյանը դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայում

Ամերիկահայ անվանի երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայում, որի հետևանքով հարյուրավոր անմեղ մարդիկ են զոհվել:
«Ժամանակն է վերջ դնելու այս թշվառ վիճակին, որը հայտնի է որպես Գազայի և Արևմտյան ափի օկուպացիա Իսրայելի կողմից: Իմ Harakiri սոլո ձայնագրության Occupied Tears գործը դրա մասին է և այն ժողովրդի երկդիմության, ովքեր Հոլոքոստի սարսափելի գազանություններն են տեսել, իսկ հիմա հենց իրենք մեկ այլ ժողովրդի օկուպանտներ են», – մասնավորապես գրել է Թանկյանը:

Հաջորդիվ Թանկյանը խոսում է պաղեստինա-իսրայելական խաղաղ կարգավորման չհաջողված ջանքերի մասին, որ ձեռնարկել էր ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին: Նա նկատում է, որ Իսրայելն օգտագործել է հունիսին երեք երիտասարդների առևանգումն ու սպանությունը՝ որպես քաղաքական արդարացում իր գործողությունների համար:

Թանկյանը նաև կոչ է անում հակասեմականության մեղադրանքները չօգտագործել նման ազնիվ քննարկումների դեմ, մանավանդ՝ ԱՄՆ-ում:
«Խաղաղություն՝ Սերժ», – եզրափակում է նա:
Իր հաջորդ գրառման մեջ նա տարածել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության կոչը, որով առաջարկվում է դադարեցնել սպանությունները, զենքի էմբարգո սահմանել Իսրայելի, ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան զինված խմբավորումների նկատմամբ:
Գրառման մեջ ԱՄՆ-ի կառավարությանը կոչ է արվում դադարեցնել Իսրայելի զինումը, քանի որ նման հարձակումները քաղաքացիական բնակչության դեմ արգելված են միջազգային իրավունքում:
Նա ԱՄՆ-ին կոչ է անում ճգնաժամի վրա յուղ չլցնել:

Տարածել`
Share

You may also like...