Սերժանտ Շահվերդյանի օրագրերը

«Մեզ վրա կբարկանան ու կասեն` Դուք վախներդ լրի՛վ եք կորցրել:
մենք այն թողել ենք Օմարի գագաթին, – կպատասխանենք մենք»:
Հենց այս տողերով է սկսվում նկարիչ Դավիթ Շահվերդյանի «Սերժանտ Շահվերդյանի օրագրերը» անդրանիկ գիրքը, որը նվիրված է Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Հեղինակը, որը ծառայության տարիների ընթացքում հիմնել եւ խմբագրել է «Օմարի Արծիվ» ամսաթերթը, գրքում զետեղել է իր ծառայության տարիների տպավորություններն ու մտածումները, որոնք ընթերցելիս յուրաքանչյուր զինվոր կգտնի իր համար հոգեհարազատ դրվագներ ու ծանոթ հերոսներ:
Գրքի շնորհանդեսը մեկտեղվեց հեղինակի խորհրդանշական նկարների անհատական ցուցադրության հետ, որի ընթացքին հետեւել է «Իրավունքն» ու մանրամասներ պարզել ինչպես հեղինակի անձի, այնպես էլ ստեղծագործական գործունեության մասին:
«ԱՅՍ ԳԻՐՔԸ ՀՈԳՈՒ ԵՎ ԶԳԱՑԱԾԻ ՄԱՍԻՆ Է»
«Դավիթը հայրենասեր, կիրթ, բանիմաց, կարգապահ, զգացմունքային զինվոր է եղել, որին առանձնացրել եմ մյուս զինվորներից իր մշակույթի հանդեպ ունեցած սիրով, գեղարվեստական մտածողությամբ», – մեզ հետ զրույցում նշեց սերժանտ Դ. Շահվերդյանի մարդկոցի հրամանատար ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ եւ մանրամասնեց. «Միասին դիրքեր բարձրանալ-իջնելիս ենք շփվել եւ մտերմացել: Դավիթը բանակում էլ էր ստեղծագործում` մակետներ էր սարքում, հոդվածներ գրում, որոնք լույս էին տեսնում «Օմարի Արծիվ» ամսաթերթում»: Անդրադառնալով լույս տեսած գրքին` պարոն հրամանատարն ընդգծեց. «Մեր եւ մեր սերունդների համար է այս գիրքը, որ կարդան եւ ճանաչեն մեր բանակը, մեր զինվորին, մեր սահմանները: Գիրքը միանշանակ ավելի շատ տեղեկատվություն է տալիս ծառայության ներքին կարգուկանոնի, միջանձնային հարաբերությունների, դժվարությունների մասին, քան այստեղից-այնտեղից լսած լուրերը: Վերջիվերջո, այս գիրքը հոգու եւ զգացածի մասին է»:
«ՀԵՂԻՆԱԿԸ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՀՈՒՆԻ ՄԵՋ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ ԱՅՍ ԺԱՆՐԸ»
Իսկ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ նկատեց. «Ովքեր կկարդան գիրքը, կտեսնեն, թե ինչքան անկեղծ է Օմարի արծիվը իր զգացմունքներում` հայրենի հողի նկատմամբ եւ ընկերների նվիրումի մեջ: Շնորհավորում եմ Դավիթին եւ ցանկանում, որ նման անկեղծ խոսքը շարունակական լինի, որովհետեւ այսօր միգուցե գիրքը թվում է` շարքային եւ սովորական մի բան, բայց վաղը այն կդառնա պատմություն, հուշագրություն, իսկ պատմաբանների համար չափազանց կարեւոր հարցեր ճշտելու, քաղաքագետների համար ժողովրդի սեփական հոգեբանությունը հասկանալու կարեւոր նյութ»: Քաղաքագետը նաեւ համեմատական անցկացրեց. «Մեր հեղափոխական գրականությունը շատ հարուստ է նման գործերով: Կցանկանայի հիշեցնել հայ ֆիդայական շարժման գլուխգործոցը՝ Ռուբեն Տեր-Մինասյանի «Հայ յեղափոխականի մը յիշատակները» գիրքը, որը 7 հատորով նաեւ 1990 թվականին վերահրատարակվեց Հայաստանում: Մենք 7 հատորը տալիս էինք որեւէ հայ երիտասարդի (գյուղից կամ քաղաքից, կարեւոր չէ), նա մի գիշեր եթե կարդում էր, հաջորդ օրը Արցախում հրացանը ձեռքին կռվում էր: Իրականություն է, որեւէ չափազանցություն չկա, եւ սա ժանր է մեզ համար: «Սերժանտ Շահվերդյանի օրագրերը» գրքի հեղինակը հայ մշակույթի գունավորման հունի մեջ շարունակել է մեզ համար չափազանց կարեւոր այս ժանրը»: Եզրափակելով խոսքը` Լ. Շիրինյանն ասաց, որ գիրքը հրատարակելուց հետո այն այլեւս հեղինակինը չէ, այլ հանրության սեփականությանն է, իսկ այս գիրքը մեր բանակինն ու ժողովրդինն է:
«ԴԱՎԻԹԸ ԲԱՆԱԿԻՆ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ՇՈՒՆՉ ՏՎՈՂՆ Է»
Դ. Շահվերդյանի ուսանողական ընկեր, մշակութաբան ԺՈՐԱ-ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ էլ հետեւյալը պատմեց. «Դավիթին ճանաչում եմ մի շատ հետաքրքիր դրվագից: Նա ստեղծարար միտք ունի ու մշտապես ուզում է ամեն ինչ անել` լուսապայծառ գալիքին հասնելու համար: Ու մի օր Մանկավարժական համալսարանի ակտիվ խմբով հավաքվեցինք եւ նրա կողմից առաջարկ եղավ մի կազմակերպություն հիմնելու, որը տարիների ընթացքում կզբաղվեր հայ մշակույթի պրոպագանդմամբ ու հայեցի պահպանմամբ: Մենք էլ մի քանի ընկերներով համապատասխան «դեկլրացիայով» շատ հետաքրքրի բան կազմակերպեցինք, բայց այն, կարծես թե, ուսանողական շրջանում մնաց, որովհետեւ հետո ամեն մեկը գնաց իր ճանապարհով: Սակայն, հիմա Դավիթը վերադարձել է բանակից, եւ այս հետաքրքիր խորհրդանիշերով ցուցահանդեսը դիտելիս՝ հասկանում եմ, որ ինքն իր նախկին գաղափարներին հարազատ է մնացել»: Մասնագիտական գնահատական տալով ցուցահանդեսին` Հակոբյանը հետեւյալը նշեց. «Այստեղ մեր բանակի ստորաբաժանումներին հատուկ հայկական ոգին է, որոնցով ստեղծված կոմպոզիցիաներն, ըստ իս, մեր բանակային սիմվոլիկայի պատմության մեջ կլինի 21-րդ դարի մեր նորագույն բանակի խորհրդանիշները: Մենք այսօր ունենք անկախ պետականություն, հզոր բանակ, եւ Դավիթը բանակին գեղագիտական շունչ տվողն է, որովհետեւ
բանակը միայն ռազմական քայլերթ ու զինտեխնիկա չէ, այլ նաեւ բարոյական, հոգեբանական ազգային ամբողջական կառույց, որը պետք է առանձնանա իր խորհրդանիշներով: Օրինակ, Հին Հունական կամ հռոմեական լեգինոներն ամեն մեկն ուներ իր նշանը: Դավիթը միգուցե հենց այս մտայնություններով էլ ստեղծել է այս զինանշանները, որոնք որոշակի ասելիք ունեն եւ առաջարկող նյութ Պաշտպանության նախարարությանը: Այն, իհարկե, ըստ իս, կքննվի, կմշակվի, կընդունվի կամ չի ընդունվի, բայց սա հարցի երկրորդ կողմն է, սակայն կարեւրոր է այն, որ հայ երիտասարդը բանակի կողքին է եւ բանակի ներքին կյանքով ապրող: Նկարիչը մտնելով բանակի դարպասներից ներս` տեսել է, թե ինչն է պակաս ու ինչ օգուտ կարող է տալ: Չէ որ երկու տարի ծառայել հայրենիքին եւ միայն պետության, ժողովրդի առջեւ իր պարտքը տալն այլ բան է, ինչ-որ բան թողնելն` այլ: Ասում են՝ ունայնություն ունայնությանց, ուտել, խմել, քնել… , բայց կարեւոր է, թե ինչ կթողնես: Իսկ Դավիթն արդեն որոշ բաներ թողել է, թե ինչքանով մնայուն արժեքներ կլինեն դրանք, ժամանակը ցույց կտա»:
«ԴԱՎԻԹԸ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ Է ՄԻ ԿԱՐԵՎՈՐ ԳԱՂԱՓԱՐ` ԲԱՆԱԿԻՑ ՀԵՏՈ ՉԿՏՐՎԵԼ ԲԱՆԱԿԻՑ»
Երկար տարիներ է, ինչ Դավիթի հետ ծանոթ եմ: Սկզբում ուսանողական ընկերներ էինք, հետո արդեն կուսակցական: Այս տարիների ընթացքում ինքն ինձ համար դարձել է անփոխարինելի մարդ», – պատմեց ՍԴՀԿ մամուլի խոսնակ ԱՐԹՈՒՐ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆՆ ու խոսեց Դ. Շահվերդյանի գրքի եւ ցուցահանդեսի մասին. «Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ Դավիթն այն բացառիկ երիտասարդներից է, ով վերադառնալով բանակից` չի մոռանում իր ծառայության անցկացրած օրերը, ինչի վառ ապացույցն էլ այս ցուցահանդեսն ու «Սերժանտ Շահվերդյանի օրագրերը» վերնագրով գիրքն է: Եթե ուսումնասիրել եք ցուցահանդեսի նկարները, երեւի նկատել եք, որ ամբողջովին մեր զինանշաններն են, ինչն անփոխարինելի աշխատանք է նաեւ Պաշտպանության նախարարության համար»: Ապա Ա. Ղահրամանյանը հավելեց. «Դավիթն իր ստեղծագործություններով մեր հասարակության մեջ, հատկապես երիտասարդների մոտ, ձեւավորում է մի կարեւոր գաղափար` բանակից հետո չկտրվել բանակից: Ընդհանրապես, շատ կարեւոր է, որ ամենքս բանակից վերադառնալով` կարողանանք մի բան
ավելացնել մեր բանակին, ավելի ոգեւորիչ քայլեր կատարել մեր ծառայող ընկերների, եղբայրների եւ ընդհանրապես, այն երիտասարդների համար, ովքեր պաշտպանում են մեր սահմանը»:
Ի դեպ, ՍԴՀԿ խոսնակը նաեւ տեղեկացրեց, որ Դավիթ Շահվերդյանն արժանացել է մեդալի` սպարապետ Վազգեն Սարգսյանի մորից` Գրետա մայրիկից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Նյութը հրապարկակվեց առանց խմբագրման
Աղբյուրը՝ iravunk.com
- Previous Հայերն էլ այդ դռները չէին բացում. Հայկո Բաղդատի
- Next Տիգրան Համասյանը 2017-ի մարտին նոր սոլո-ալբոմ կթողարկի