Սա իմ ամենասիրելի կինոփառատոնն է. Բուսանի կինոփառատոնի հիմնադիիրը՝ «Ոսկե ծիրան»-ի մասին

Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը տարածաշրջանում մեծ դեր է խաղում և մեծ ապագա ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 13-ին նշել է Ասիայի ամենաներկայացուցչական՝ Բուսանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր Կիմ Դոն-հոն:

««Ոսկե ծիրան»-ը հավաքում է տարբեր հայտնի մարդկանց և կինոգործիչներին: Այն արդեն մեծ անուն ունի և մեծ ապագա կունենա: Հայ ասելով` ես պատկերացնում եմ բարի, բարեսիրտ, սրտով ջերմ մարդկանց: Այդ իսկ պատճառով սա իմ ամենասիրելի կինոփառատոնն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կիմ Դոն-հոն:

Բուսանի միջազգային կինոփառատոնի հիմնադիրն արդեն չորրորդ անգամ է Հայաստանում: Այս տարի իր հետ Երևան է բերել Կիմ Դե-հուանի «Ձմռան վերջը» կինոնկարը, որի պրոդյուսերն է: Ֆիլմն ընդգրկված է Երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի «Միջազգային խաղարկային» մրցույթում:

«Մի քանի տարի առաջ դպրոց եմ հիմնել, բերել եմ իմ ուսանողի ֆիլմը: Այս ֆիլմը Բուսանի և Բեռլինի կինոփառատոններում մրցանակներ է շահել»,- տեղեկացրեց Կիմ Դոն-հոն:

Ֆիլմի հերոսի՝ Չերուոնի տեխնիկական դպրոցի ուսուցիչ Սուն-գընի ընտանիքի անդամները երկրի տարբեր կողմերից հավաքվում են Չերուոնում՝ նշելու նրա անցումը թոշակի: Ընտանեկան հավաքույթի ժամանակ Սուն-գընը հայտնում է կնոջն ու զավակներին, որ մտադիր է բաժանվել և մնալ Չերուոնում: Իրավիճակն ավելի է սրվում, երբ ավտոբուսների երթևեկությունը դադարում է ձնաբքի պատճառով, և հարազատները ճարահայտյալ երեք օր մնում են Սուն-գընի տանը` որպես մի ընտանիք: Բախվելով ծնողների ամուսնալուծության փաստին՝ ընտանիքի անդամներն առնչվում են մեկմեկու անհաճո ներկայությանը:

Կիմ Դոն-հոն խոսել է նաև հոլիվուդյան և ասիական ֆիլմերի տարբերության մասին: «Հոլիվուդում շատ մեծ գումարներ են ներդնում ֆիլմերի մեջ, իսկ Ասիայում` ոչ: Մշակույթները տարբեր են, ասիական ֆիլմերում փորձում են իրենց մշակույթն աշխարհին ցույց տալ»,- նշել է նա:  Կիմ Դոն-հոն նաև խոստացել է ֆիլմ նկարահանել և ներկայացնել այն հաջորդ «Ոսկե ծիրան»-ին:

Տարածել`
Share

Tags

You may also like...