Սարդարապատում կպատրաստեն ամենաերկար տոլման

«Ոսկե Ծիրան» ամենամյա կինոփառատոնի շրջանակում Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում հուլիսի 16-ին կանցկացվի «Ուդուլի» տոլմայի 4-րդ փառատոնը: Այս մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

«Փառատոնի ամենակարևոր նպատակն ազգային խոհանոցի ամենակարևոր մաս հանդիսացող տոլմայի վերաբերյալ տեղեկությունների տարածումն ու նոր տարատեսակների ի հայտ բերելը  նպաստելն է»,-նշեց Սեդրակ Մամուլյանը:

Նշենք, որ «Տոլման հայկական լեռնաշխարհում» խորագիրը կրող «Ուդուլի» տոլմայի փառատոնն ընդգրկված է «2014 թվականը՝ ԱՊՀ տարածքում զբոսաշրջության տարի» միջոցառումների ցանկում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ նման միջոցառումները նպաստում են համայնքներում զբոսաջրջության զարգացմանը:

«Նմանատիպ փառատոները բխում են երկրի պետական քաղաքականության խնդիրներից, նպաստում մեր ազգային ուտեստները միջազգային շուկա ներկայացնելուն»,- ասաց Մեխակ Ապրեսյանը:

Կազմակերպիչները հույս հայտնեցին, որ  այս տարի կկարողանան փառատոնի ժամանակ պատրաստվող ամենաերկար տոլման որպես ռեկորդ գրանցել «Դյուցազնագրքում», որի խմբագրական կազմը ներկա կլինի միջոցառմանը:

Կազմակերպիչները տեղեկացրին նաև, որ փառատոնին 30 տաղավարներում դոլման ներկայացնող մասնակիցները, բացի գլխավոր մրցանակից, մրցանակներ կստանան նաև երեք անվանակարգերում՝ «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն մտահղացում», բացի այդ լինելու են նաև այլ մրցանակներ՝ «Հանդիսատեսի համակրանք», «Լավագույն տաղավար», «Լավ սպասարկում», «Կոկիկ տաղավար» և այլն: Մրցանակները շնորհելու համար կազմվել է ժյուրի, որի մեջ ընդգրկվել են Ազգային ժողովի պատգամավորներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ:

Փառատոնն ուղեկցվելու է ազգային երգ-երաժշտությամբ, հայկական պարերով:

Նշենք, որ «Ուդուլի» տոլմայի փառատոնը առաջին անգամ անցկացվել է 2011թ.:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Սարդարապատում կպատրաստեն ամենաերկար տոլման”

Leave a Reply

Your email address will not be published.