Սանկտ Պետերբուրգի երաժշտասերների առաջ հանդես եկավ վիրտուոզ ջութակահար Տիգրան Պետրոսյանը

Երկարատև ընդմիջումից հետո հոկտեմբերի 9-ին Սանկտ Պետերբուրգի երաժշտասերների առաջ նորացված համերգային ծրագրով հանդես եկավ վիրտուոզ ջութակահար Տիգրան Պետրոսյանը: Ինչպես Սանկտ Պետերբուրգից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, համերգի ընթացքում հնչեցին ինչպես էստրադային, այնպես է դասական, ժողովրդական սիրված ստեղծագործություններ:

Տիգրան Պետրոսյանի համերգային ծրագրում հիմնականում տեղ էին գտել հեղինակային ստեղծագործություններ: Համերգի ընթացքում ելույթ ունեցան նաև տեղի երգիչ կատարողները, որոնց ուղեկցում էր «Տիգրան Բենդ» գործիքային խումբը: Տիգրանն իր ծրագրում պարտադիր տեղ է հատկացնում դուդուկին: Նա դուդուկահար Վիտալի Պողոսյանի ուղեկցությամբ կատարեց «Դլե յամանը»: Այս անգամ էլ Տիգրան Պետրոսյանի կատարողական արվեստը գերեց հանդիսատեսին: Տիգրան Պետրոսյանը բազմաթիվ երաժշտական մրցույթների դափնեկիր է: Նա երաժշտություն է գրում նաև կինոյի համար: Պետրոս յանն իմպրովիզացիայի վարպետ է: Նրա երաժշտական ուղին սկիզբ է առել Երևանից, որտեղ նա նվագել է Ռադիոյի և հեռուստատեսության էստրադային նվագախմբում: Ապա համերգային շրջագայություններով հանդես է եկել Բուլղարիայում, հինգ տարի ելույթներ է ունեցել Չեխոսլովակիայի տարբեր քաղաքներում: Այնուհետև 2004 թվականին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ:

Տարածել`
Share

You may also like...