Սահակ Չիբուխչյանի «Զակատչիկ № 1» աշխատանքների շարքը. ներսի ու դրսի պայքար

Երիտասարդ նկարիչ Սահակ Չիբուխչյանի համար նկարելն անդիմադրելի տարերք է, որին դիմագրավելն այդքան էլ հեշտ չէ: Այն վրա է հասնում ամենուր՝ տանը, համալսարանում, աշխատավայրում, Սահակի պարագայում` նույնիսկ բանակում: Նկարում ես ամեն ինչ և ինչի վրա պատահի, ենթագիտակցորեն ոգեշնչվում ամենից և նույնիսկ ոչնչից, իսկ այս ամենի հետ մեկտեղ արդեն էական էլ չէ՝ նկարում ես քո, թե ամբողջ աշխարհի համար:

Ասում են՝ յուրաքանչյուր թեմատիկա իր արտահայտման ձևն ունի, իրեն բնորոշ էներգետիկան, որն ամեն կաղապարի մեջ չէ, որ կարող ես տեղավորել՝ չնայած «ձևաչափերի» դեմ պայքարելու քո անհագուրդ ձգտմանը:

Երիտասարդ այս նկարիչն իր «Զակատչիկ № 1» աշխատանքների շարքի համար ընտրել է օֆորտը, որը մետաղի վրա փորագրելու ամենահայտնի տարբերակներից է: Վերջինիս ճիշտ ընտրության շնորհիվ է, որ Սահակին հաջողվել է ոչ միայն գծին ազատություն տալ, այլև փորագրման արվեստին արտակարգ տիրապետելու շնորհիվ պահպանել գաղափարի միասնությունը:

Իսկ ինչո՞ւ «Զակատչիկ № 1», ո՞վ է վերջինս, և, վերջիվերջո, ի՞նչ է իր հերոսի միջոցով ցանկացել ներկայացնել և տեղ հասցնել Սահակը: Գաղափարը վաղուց է, ինչ պտտվում էր երիտասարդ նկարչի գլխում: Ի վերջո, այն որոշվեց դարձնել մագիստրոսական ավարտական աշխատանքի առանցք և զարգացնել թեման օֆորտի շրջանակներում: Երբ թեզի ղեկավարը տվել էր Սահակին մեր այդ նույն հարցը, թե ով է «Զակատչիկ № 1», վերջինս բավականին հնարամիտ տարբերակ էր գտել ամբողջը ներկայացնելու համար. համանուն վերնագրով մի փոքրիկ պատմվածք էր գրել, որում այլաբանորեն ներկայացված էր ողջ գաղափարը: Այստեղ ամեն ինչ գաղտնագրված է, որի բացահայտումը Սահակը թողնում է իր արվեստը գնահատողներին:

Սահակի խոսքով տեքստային ձևաչափ ունեցող այս ստեղծագործությունը նպատակ ունի ոչ թե մեկնաբանելու գրաֆիկական աշխատանքների շարքը, այլ հնարավորություն տալու արվեստասերին համեմատելու նույն գաղափարը կրող երկու ստեղծագործությունները:

Պատմվածքում առաջ է քաշվում այն գաղափարը, որ մեզ շրջապատող բոլոր առարկաներն ինֆորմացիայի ինքնատիպ կրիչներ են: Նրանք իրենց մեջ են հավաքում և պարփակում այն ամենը, ինչի «ականատեսն» են ակամայից, իսկ ինֆորմացիան տարաբնույթ է, այն կարող է լինել ինչպես տեսանելին՝ նյութեղենը,  այնպես էլ չարտաբերվածը:

Այստեղ կարմիր թելի պես անցնում է այն գաղափարը, թե որքանով է «Զակատչիկ № 1»-ը պատասխանատու իր իսկ կողմից փակված «պահածոների» համար:

Սահակին հաջողվել է նկարի մեջ «քանդակել» ողջ տրամադրությունն ու համապատասխան մտածողությունը:  Առաջին հայացքից նկարիչը թեթև և փափուկ թվացող շտրիխներով կարողացել է շարժում հաղորդել պատկերին, ցույց տալ իր աշխարհընկալման սահմանները՝ պատկերի խտության մեջ պահպանելով թեթևության զգացումը:  Ինքնատիպ և համարձակ լուծումներով հնարավոր է դարձել տարածությունն ու ժամանակը չափել այլ մոտեցմամբ՝ պահպանելով զգացմունքայինության համապատասխան չափաբաժինը:

անդրադարձը՝ Անահիտ Ծատուրյանի

 

 

Տարածել`
Share

You may also like...