Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Մոսկվայում Սպիտակի երկրաշարժի մասին ֆիլմ է նկարահանում

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Մոսկվայում ֆիլմ է նկարահանում Սպիտակի երկրաշարժի մասին։ Կոնստանտին Լավրոնենկոյի մասնակցությամբ «Երկրաշարժ» անունը կրող ֆիլմի նկարահանման աշխատանքներով զբաղվում է «Մարս Մեդիա» ընկերությունը՝ պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի ղեկավարությամբ։ Ֆիլմը կպատմի Հայաստանի պատմության ամենասարսափելի աղետներից մեկի՝ 1988թ. Սպիտակի երկրաշարժի մասին, որը խլել է մի քանի տասնյակ հազար մարդու կյանք։

Ֆիլմի նկարահանումներն ընթանում են մոսկովյան լքյալ գործարանի տարածքում, որտեղ 3 հազար ք/մ տարածում կառուցվել են ավերված Լենինականի դեկորացիաները։

«Ես այստեղ եղել եմ 6 ամիս առաջ, երբ ամեն բան այլ էր։ Այստեղ պարզապես աղբի կույտ էր, բայց ես հասկացա, որ այս կիսաքանդված գործարանում դեկորացիաներ կառուցելն ավելի հեշտ է, քան դաշտում ամեն բան զրոյից սկսելը, քանի որ այստեղ գոնե պատեր կան, որոնց մենք կարող ենք հարմարեցնել մեր պատերը։ Ես բեմադրող նկարիչ եմ բերել, պրոդյուսերներ, մենք նայեցինք եւ որոշեցինք, որ երեք ամսում կարող ենք գործը գլուխ բերել։ Իսկ եթե զրոյից կառուցենք, դրա համար տարիներ պետք կլինեն»,- ասել է Սարիկ Անդրեասյանը ՏԱՍՍ գործակալությանը։

Ֆիլմի բեմադրող նկարիչ Դավիթ Դադունաշվիլին նշել է, որ խումբը մեկ ամսից շատ ժամանակ է ծախսել դեկորացիաների կառուցման տարածքը մաքրելու համար։ Հիմնական շեշտը դրվել է փաստագրական նյութի վրա, սակայն ֆիլմի հեղինակները շատ ժամանակ են նաեւ ծախսել զրուցելով այն մարդկանց հետ, որոնք տուժել են երկրաշարժից։

«Այն պետք է փաստագրական լինի, մենք մեծ քանակությամբ ժամանակագրություն ենք ուսումնասիրել։ Հայաստանում դժվար է այդ մասին խոսել. յուրաքանչյուրն իր պատմությունն է պատմում, բայց նրանք մի փոքր շեղվում են նրանից, ինչ մեզ պետք է։ Յուրաքանչյուր պատմության մեջ ցավ է զգացվում։ Շատերը պատմում են, թե ինչպես է դա եղել, գրքեր են տրամադրում։ Ես 4 գիրք եմ կարդացել, որոնք շատ են օգնել ինձ։ Իհարկե հուզական առումով սա բարդ նախագիծ է»,- ընդգծել է Դադունաշվիլին։

Տարածել`
Share

You may also like...