Ջութակի ամերիկահայ վարպետը փրկել է Ստրադիվարիուսի 1734թ. ջութակը

Երեսունհինգ տարի առաջ Բոստոնի երաժշտական դպրոցից գողացված Ստրադիվարիուսի ջութակն օրերս վերադարձվել է իր օրինական տիրոջը։ Դա տեղի է ունեցել Փիթսբուրգում բնակվող ջութակի ամերիկահայ վարպետի շնորհիվ, ով ճանաչել է գործիքը և հայտնել ադ մասին ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյին, գրում է The Armenian Mirror-Spectator-ը:

Ֆիլիպ Ինջեյանը, ով երաժշտական գործիքներ է վաճառում և վերանորոգում Փեն պողոտայում գտնվող իր տանը, ճանաչել է 1734 թվականի ջութակը և պարզել, որ այն գողացվել է հայտնի ջութակահար Ռոման Տոտենբերգից, ով մահացել է 2012 թվականին:

Գողացված ջութակի հայտնաբերման լուրն առաջինը հայտնել է Տոտենբերգի լրագրող աշխատող դուստրը՝ Նինա Տոտենբերգը, ում Հետաքննությունների դաշնային բյուրոն զանգահարել է և հայտնել գործիքի հայտնաբերման մասին:

Այս պատմությունը միջազգային ուշադրության կենտրոնում է հայտնվել: Տոտենբերգի գրասենյակից ջութակը ենթադրաբար վերցրած Ֆիլիպ Ջոնսոնի նախկին կինը հայտնաբերել է գործիքը Կալիֆորնիայում գտնվող տունը մաքրելու ժամանակ: Քանի որ Ֆիլիպ Ջոնսոնը մահացած է եղել և հայտնի չի եղել,  թե որտեղից է այդ ջութակը, կնոջ երաժիշտ ընկերներից մեկը խորհուրդ է տվել նրան այն տանել Ինջեյանի մոտ, ում հաճախորդների ցանկում բազմաթիվ անվանի երաժիշտներ են:

59-ամյա Ինջեյանը հանդիպման ընթացքում հաստատել է, որ այդ ջութակը Ստրադիվարիուսի ջութակն է։

Տարածել`
Share

You may also like...