Ջորջ Մարտինը բացատրել է «Ձմեռը մոտ է» արտահայտության ծագումը

«Գահերի խաղը» հանրահայտ սերիալի հիմքում ընկած վեպերի հեղինակ Ջորջ Մարտինը Chicago Tribune-ին տված հարցազրույցում բացատրել է «Ձմեռը մոտ է» արտահայտության եւ Վեստերոսը պաշտպանող Սառցե պատի կերպարի ծագումը:

Գրողի խոսքով, դրանք ստեղծել է 1967 թվականին Չիկագոյում ցուրտ եւ ձնառատ ձմռան ժամանակ: «Այդ ձմռանն այնքան շատ ձյուն կար, որ ուրիշ ոչինչ չէր երեւում: Քաղաքի փողոցները նմանվել էին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների խրամատների՝ միայն ձնից եւ սառույցից»,- Մարտինի խոսքերն է մեջբերում Lenta-ն:

Ջորջ Մարտինը պատմել է նաեւ այն դժվարությունների մասին, որոնք նրան հասուն տարիքում բերել է ճանաչվածությունը: Օրինակ՝ ինքնագրեր բաժանելու ժամանակ երկրպագուներից մեկը փորձել է գրողի մորուքից մի կտոր կտրել: «Ես երբեք օգնականներ չեմ ունեցել, պարզապես գրքեր եմ գրել: Իսկ հիմա 5 օգնական եւ 2 մենեջեր ունեմ: Բայց ես միայն մեկ բան եմ ցանկանում. առավոտյան արթնանալ, նախաճաշել եւ նստել աշխատելու»,- հավելել է գրողը:

Մեկնաբանելով «Գահերի խաղը» սերիալը՝ գրողն ասել է, որ էկրանավորման մեջ պակասում են վեպերի այնպիսի կերպարներ, ինչպիսիք են Լեդի Քարե Սիրտը եւ Արիաննա Մարտելը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ջորջ Մարտինը բացատրել է «Ձմեռը մոտ է» արտահայտության ծագումը”

Leave a Reply

Your email address will not be published.