Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը շուտով կլինի մեծ էկրաններին. Տեսանյութ

yerevanlife.am-ը գրում է՝

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը շուտով կցուցադրվի Երևանի կինոթատրոններում: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության պատճառով տարհանված հայկական գյուղում միայնակ մնացած Աբգարի ու նրա շուրջը կառուցվող իրադարձությունների մասին պատմող ֆիլմը նոյեմբերի 17-ից կցուցադրվի «ԿինոՊարկ», «ՍինեմաՍթար» և «Մոսկվա» կինոթատրոններում:

Նշենք, որ «Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանումներն իրականացվել են 2015թ.-ին Արցախում՝ ռեժիսորի հայրենի Խաչմաչ գյուղում: 82 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանումները տևել են 20 օր:

Ֆիլմն ստեղծվել է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության կողմից՝  աջակցությամբ Շվեդական, ամերիկյան ընկերությունների և Լիբանանի պետական համալսարանի: Սցենարի հեղինակներն են Ծովինար Խաչատրյանը, Մասիս Բաղդասարյանը: Պրոդյուսերներն են Մասիս Բաղդասարյանը, Գևորգ Գևորգյանը, գործադիր պրոդյուսերն է Ադրինե Միրզայանը, համարտադրող` Կեստուտիս Դրազդաուսկասը:

Հայ սիրված և ճանաչված դերասանների` Ալեքսանդր Խաչատրայնի, Սոս Ջանիբեկյանի, Նարինե Պետրոսյանի, Բաբկեն Չոբանյանի, Էլֆիք Զոհրաբյանի հետ միասին Ֆիլմում մասնակցություն ունեն համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Իրանից` Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր Հոմայուն Էրշադին, Լիտվայից` Սանդրա Դաուկշայտե Պետրոլենեն, Հունաստանից` Դիմիտրա Չատուպին, ԱՄՆ-ից` Աննե Բեդյանը, Ռուսաստանից՝ Արմեն Գրեյգը:

Ֆիլմի կոմպոզիտորը «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկայնն է: Երաժշտությունը ձայնագրվել է  Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ և «Հովեր» կամերային երգչախմբի կատարմամբ, գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2016թ.-ի «Ոսկե Ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed