Ջավախքում կստեղծվի հայ անվանի գործիչների միասնական թանգարան

 

Ախլցխայում նախատեսվում է ստեղծել  մեծերի  միացյալ թանգարան, որի շենքի ձեռք բերման   կապակցությամբ դեռևս քննարկումներ են ընթանում: Այս մասին «Մենք» մամուլի ակումբում լրագորղների հետ հանդիպմանն ասաց «Ջավախքին աջակցություն»  հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը:

«Մինչև 2020 թվականը նախատեսում ենք Ախալցխայի մեծերի միացյալ թանգարան հիմնել: Ձևավորվելու է Ախալցխայի մեծերի միացյալ թանգարանի ստեղծման հանձնաժողով, որն էլ կորոշի, թե ինչ շենքում կարող ենք բացել նման թանգարան»,-ասաց բանախոսը՝ հավելելով, որ դիտարկվող շինությունների թվում են նաև Լուսինե Զաքարյանի և Վարդգես Սուրենյանի տները:
«Անձամբ գնացել, տեսել եմ Լուսինե Զաքարյանի տունը: Սուբյեկտիվ կարծիք ունեմ, որ դա չի կարող ամենալավ տարբերակը դիտարկվել: Ախալցխայում մեծերը շատ են: Մենք նախատեսում ենք, որ թանգարանի շենքի ամեն մի պատ նվիրված լինի մեծերից մեկին: Լուսինե Զաքարյանի տունը, իմ համոզմամբ, այդ հնարավորությունը չի տալիս: Շատ խառը տուն է»,- նշեց Ա.Հակոբյանը:

Այս առիթով հիմնադրամի տնօրենն  արդեն հանդիպել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, որն իր հերթին մեծ պատրաստակամություն է հայտնել խնդիրի լուծման հարցում:

Ինչպես նշեց Աշոտ Հակոբյանը, հանձնաժողովը բաղկացած կլինի նախարարության մասնագետներից, տարբեր ոլորտների ներկայացուցիչներից, Ախալցխայի հայ համայնքի բնակչությունից:

«Մինչև տարեվերջ կարծում եմ, որ հանձնաժողովի կողմից  գոնե մեկ այցելություն կլինի»,-վստահեցրեց նա:

Նշենք նաև, որ  հիմնադրամն իր ներդրումն ունի Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայության հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը:

Հիմնադրամի  աջակցությամբ և անմիջական նախաձեռնությամբ մինչ այսօր իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ, մի շարք ծրագրեր, որոնց թվում է նաև բազմազավակ ընտանիքներին դրամական պարգևների տրամադրումը, մշակութային հաստատությունների հիմնումը, ցուցահանդեսների, ճամբարների, շնորհանդեսների, բարեգործական համերգների, ավանդական հանդիսությունների, համաժողովների և երիտասարդական միջոցառումների կազմակերպումը, գրքերի հրատարակումը, հեռուստառադիոհաղորդաշարերի պատրաստում և այլն։

Նյութը հրապարակման պատրաստեց  Վ. Գիշյանը

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed