Պոլ Գոգենի նկարը դարձել է աշխարհի ամենաթանկ արվեստի գործը

Պոլ Գոգենի «Ե՞րբ է հարսանիքը» թաիթյան ժամանակաշրջանի կտավը դարձել է աշխարհի ամենաթանկ արվեստի գործը, տեղեկացնում է Aysor.info-ն:

Կտավը շվեյցարացի Ռուդոլֆ Շտեյխելինից գնել է մի կոլեկցիոներ Քաթարից՝ մոտ 300 մլն. դոլարով: Շտեյխելինի հավաքածուի այս նկարը եւ ինչպես նաեւ այլ գործեր պահվում էին Բազելի արվեստի թանգարանում: Առաջին համաշխարհային պատերազմից հետո հավաքածուն սկսել է հավաքել Ռուդոլֆ Շտեյխելինի պապը՝ նրա անվանակիցը: Նկարի վաճառքի որոշումը Շտեյխելինը պայմանավորել է «ակտիվները նորացնելու» անհրաժեշտությամբ եւ առաջարկված հաջող գնով: «Իմ ակտիվների մեծամասնությունը  նկարներ են, որոնք ցուցադրվում են անվճար: Սա արվեստի մեծագույն գործ է, բայց նաեւ ներդրում»,-ասել է Շտեյխելինը:

Հետաքրքիր է, որ նախկինում Գոգենի ամենաթանկ նկարը, որը վաճառվել է աճուրդում, շատ ավելի ցածր գին է ունեցել: 2007թ.-ին «Առավոտ» կտավը, որը նույնպես նկարչի թաիթյան ժամանակաշրջանի գործերից է, Sotheby`s աճուրդում վաճառվել է 39.2 մլն. դոլարով: Արվեստի գործերի  նախկին ռեկորդակիրը նույնպես եղել է անանուն գնորդ Քաթարից: 2011թ.-ին Պոլ Սեզանի «Թղթախաղ խաղացողները» կտավը ձեռք է բերել քաթարյան թագավորական ընտանիքը՝ 250 մլն. դոլարով: Ամենաթանկ արվեստի գործը, որը վաճառվել է աճուրդում, դարձել է Ֆրենսիս Բեկոնի «Լյուսիեն Ֆրեյդի երեք էսքիզներ» եռանկարը, որը վաճառվել է Christie`s աճուրդում 142.4 մլն. դոլարով:

Տարածել`
Share

You may also like...