Պատմաքաղաքական նշանակության ֆիլմերը կօգնեն վերադառնալ դեպի մեր ազգային ակունքներ. ստեղծագործական խումբը պատրաստվում է նկարահանել «Տրդատ Մեծ» գեղարվեստական ֆիլմըւ

hraparak.am-ը գրում է՝

Դժվար է միանգամից լուրջն ու անլուրջը տարբերակել, երբ խմբագրություն են մտնում պատկառելի տեսքով մարդիկ եւ ներկայանում որպես «Տրդատ Մեծ» գեղարվեստական ֆիլմի ստեղծագործական կազմ՝ ցանկություն հայտնելով էքսկլյուզիվության իրավունքով պատմել ֆիլմից որոշ մանրամասներ։ «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ հիմնադիր նախագահ Խաչատուր Մարոզյանը «Տրդատ Մեծ» գեղարվեստական ֆիլմի մտահղացման հեղինակն է, սցենարի համահեղինակը, նաեւ՝ ֆիլմի պրոդյուսերը։ Թե ինչու Տրդատ Մեծ եւ ինչու հենց հիմա, ապա ֆիլմի պրոդյուսերը դա հիմնավորում է նրանով, որ ՀՀ սոցիալ-տնտեսական, քաղաքական զարգացման այս փուլում մենք ինքնաճանաչման խնդրի առաջ ենք կանգնած, եւ դրա համար մեզ անհրաժեշտ է վերադառնալ առնվազն Տրդատ Մեծի ժամանակները։ «Մենք շատ լավ գիտակցում ենք նաեւ, որ այն ժողովուրդները, որոնց պատմական հիշողությունը մշուշի մեջ է հայտնվում, այդ ժողովուրդները շատ անստույգ եւ անորոշ քայլերի են ենթարկվում»,-այսպիսի անորոշ ձեւակերպումներով էր ֆիլմի մասին խոսում Խաչատուր Մարոզյանը՝ նշելով, որ նմանօրինակ պատմաքաղաքական նշանակության ֆիլմերը կօգնեն վերադառնալ դեպի մեր ազգային ակունքներ, այն է՝ հույսին, հավատին, ճկունությանը, դիվանագիտությանը։

Ֆիլմի ռեժիսորը Քաջայր Հակոբյանն է, որը վստահեցրեց, որ ֆիլմը լինելու է պատմական փաստերի հիման վրա։ Փաստերից չեն հեռանա, բայց մի քիչ կծաղկեցնեն։ Օրինակ, թե ինչու Տրդատը Գրիգոր Լուսավորչին գցեց Խոր Վիրապ, քրիստոնեությո՞ւնն էր պատճառը, թե՞ ուրիշ խնդիր էլ կար․ այդ բոլոր հարցերի պատասխաններն իրենք կտան ֆիլմում։ Բայց խնդիրն այն է, որ մեր փոքր երկրի նման՝ մեր ֆիլմարտադրությունն էլ շատ փոքր է, հետեւաբար այն, ինչ նկարվում է, եւ այն մարդիկ, որոնք նկարում են ֆիլմեր, ճանաչելի են գոնե մշակութասեր նեղ մասսաների համար։ Ուստի Քաջայր Հակոբյանից հետաքրքրվեցի, թե մինչ այս ի՞նչ ֆիլմեր է նկարել, ինչն ակնհայտորեն դուր չեկավ ռեժիսորին. «Սա իմ առաջին ֆիլմը չէ, բայց չեմ ցանկանում խոսել։ Բոլոր ռեժիսորների համար էլ այդ ֆիլմը կարող է լինել առաջինն ու վերջինը»։ Երբ խնդրեցի սահմանափակվել փիլիսոփայական ձեւակերպումների մեջ եւ ըստ էության խոսել, թե ինչ ֆիլմեր է նկարել, Քաջայրը դժկամորեն նշեց, որ նկարահանել է ցեղասպանությանը նվիրված «Հիշողություն» գեղարվեստական ֆիլմը, մի սերիալ, որը չի ուզում նշել, մի հումորային սիթքոմ եւ «Փորձաշրջան» հումորային գեղարվեստական ֆիլմը։ Հարցազրույցից հետո առանց Գուգլի օգնության դժվար եղավ հիշել, որ ցեղասպանությանը նվիրված «Հիշողություն» գեղարվեստական ֆիլմը հենց այն նույն ֆիլմն էր, որը նկարահանել էր Ճոյտը (ԱԺ նախկին պատգամավոր), եւ որին, իր ֆիլմով հանդերձ, Ցեղասպանության 100-ամյակի օրերին, մեղմ ասած, «փակի» տակ պահեցին՝ խայտառակությունից խուսափելու համար։ «Միգուցե այս ֆիլմում զգացվի իմ ձեռագիրը»,- հույս է հայտնում Քաջայր Հակոբյանն ու հավելում, որ ինքը միստիկայի կողմնակից է, որն այս ֆիլմում կերեւա։ Եվ իսկապես, ֆիլմի սինոփսիսում միստիկ բաներ շատ կան. 287-330 պատմական իրադարձությունների ֆոնին տեղ են գտել Հայոց ցեղասպանության թեմայի հպանցիկ քննության հարցերը, «որոնց հեղինակի կողմից հատուկ ձեւով անդրադարձ կկատարվի ֆիլմի վերջնամասում»,-գրված է սինոփսիսում:

Հետաքրքիր մի հանգամանք եւս. ֆիլմի պրոդյուսերը պատրաստվում է ֆինանսավորման համար դիմել ոչ թե Կինոկենտրոնին (բյուրոկրատական քաշքշուկներ չի սիրում), այլ միանգամից նախագահին, քաղաքական եւ հոգեւոր այրերին, նախարարներին։ Թե, այնուհանդերձ, ինչքան է կազմելու զանգվածային տեսարաններով հարուստ, պատմական այս ֆիլմի բյուջեն, ապա մոտավորապես 350 հազար դոլար (սինոփսիսում գրված էր 191 հազար), փաստորեն, ավելի քիչ, քան մեր օրերի «Սուպեր մամաների» բյուջեն է։ Խաչատուր Մարոզյանը չի վախենում տապալումից, ասում է՝ հեղինակի գործոնը մեծ նշանակություն ունի, եթե «Հիշողության» հեղինակը Ճոյտն էր, ապա այս ֆիլմի հեղինակն ինքն է, իրեն ոչ ոք չի կարող ոչինչ պարտադրել, եւ ինքը մի ձախողված ֆիլմով չի դատում ռեժիսորի մասին։ Այլ կերպ ասած՝ ինքն ստանձնել է ռեժիսորի ճակատագրական սխալն ուղղելու առաքելությունը։ Իսկ հարցը, թե Ճոյտն այս ֆիլմին որեւէ մասնակցություն ունենալու է, թե ոչ, լրջորեն վիրավորեց Խաչատուր Մարոզյանին. «Նույնիսկ մտքովս չէր անցել, բացառվում է»։

Հեղինակ՝ Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed