Պատմական Մալաթիայի խոհանոցի հետքերով

Ստամբուլում գործող հայկական պարբերականներից «ՀայԹերթն» անդրադարձել է Արևմտյան Հայաստանի պատմական Մալաթիայի գավառի Արաբկիր շրջանի հայկական խոհանոցային ավանդույթներին:
Հայաստանում գործող ազգագրագետ Սոնիա Թաշչյանի կողմից գրի առնված «Համը բերանումս է. Արաբկիրի հայկական խոհանոցն արաբկիրցի հայերի պես կոտորվե՞ց, թե՞ դեռ ապրում է» վերնագրով հոդվածը թարգմանվել է Ստամբուլի հայ ուսուցիչներից Սևան Դեյիրմենջյանի կողմից և տարածվել թուրքական մամուլում:
Հոդվածից պարզ է դառնում, որ արաբկիրցի հայերը հացի մի քանի տեսակ են պատրաստել. հիմնականում օգտագործվել է խմորը յուղով, կաթով, ձվով և ալյուրով պատրաստվող դեսմեթ կոչվող հացը, ինչպես նաև մածնով, յուղով, ձվով և ալյուրով պատրաստվող բըջիքը: Արաբկիրի խոհանոցի անբաժանելի մասն է նաև հայտնի սոխով հացը` տապակած սոխի միջուկով:
Արաբկիրցիների շրջանում մեծ տարածում են ունեցել տաք ապուրները` շոռվաները, որոնք պատրաստվել են հիմնականում ոսպով, բլղուրով, ռշտայով, նաև՝ չրերով ու մսով:
Մսի կոլոլակներով ճաշը կոչել են գըլդրիկ շոռվա, ոսպովը` ոսբոկ շոռվա:
Իսկ արաբկիրցիների այցեքարտը համարվող խաղողի թփով ապուրը պատրաստել են բլղուրով, ղավուրմայով, թթվի ջրով ու խաղողի տերևներով` չխնայելով տարատեսակ համեմունքները: Այն մատուցվել է չորացված լավաշով, իսկ թուփը կախվել է ափսեի ծայրից` դրա օգնությամբ կերել են ճաշը:
Տարածված են եղել նաև մածնով տարատեսակ ապուրները:
Արաբկիրի հայերն ունեցել են տոլմայի երեք տեսակ` թփով մսային տոլմա, բանջարեղենի մեջ լցոնած մսով և պահքի` բլղուրով կամ բրնձով տոլմա:
Պարզվում է` Արաբկիրում հայերը ձվածեղը պատրաստել են ոչ միայն ղավուրմայով, ինչպես տարածված է եղել Արևմտյան Հայաստանի մի շարք գավառներում, այլև թթով: Այն անվանել են տապկոց:
Արաբկիրի հայերի խոհանոցում տոնական սեղանից անմասն են եղել բլղուրով, ոսպով, իսկ ավելի ուշ նաև բրնձով փլավները, որոնց հետ օգտագործել են հավի կամ գառան միս: Փլավների վրա ավելացվում էր երբեմն սոխեռած, մածուն կամ յուղ:
Առանձնահատուկ արարողություն էր համարվում մատաղի փլավի պատրաստումը, որն այնուհետև բաժանում էին եկեղեցու մոտ հավաքված մարդկանց:
Իհարկե, Մալաթիայի գավառում մեծ տարածում ունեցող և արևմտահայկական խոհանոցի այցեքարտերից համարվող սիսեռով թոփիքը պատրաստվում էր նաև Արաբկիրում:
Մեծ տարածում են ունեցել նաև մսով և դդումով, բամիայով, լոբով և սիսեռով տաք ապուրները:
Նյութը հրպարակվեց առանց խմբագրման
Աղբյուրը` tert.am