«Պատից այս կողմ»՝ Ժաննա Ղոչիկյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն

Հազվադեպ է պատահում, երբ գիրքը դեռ չհայտնված գրախանութներում, տարաբնույթ խոսակցությունների առարկա է դառնում թե՛ մասնագետների եւ թե՛ ընթերցողների շրջանում։ Խոսքը Ժաննա Ղոչիկյանի առաջին բանաստեղծությունների՝ «Պատից այս կողմ» ժողովածուի մասին է։ Շրջանառվող խոսակցությունների հիմնական թեման հետեւյալն է. գրքի հեղինակը՝ հայկական հեռուստատեսության բազմափորձ լրագրողը, որը շուրջ 15 տարի «անհետացել» է էկրանից, եւ հիմա էլ հավանաբար «ամփոփվելով» ինքն իր մեջ, որոշել է երբեմնի հանրային մարդու սեփական մտորումները հանրայնացնել բանաստեղծությունների միջոցով։

«Առավոտը» նոր գրքի առիթով հարցազրույցի հրավիրեց գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Անի Փաշայանին, որն այդ գրքի առաջաբանի հեղինակն է։ «Գրքում հավաքված են Ժաննայի անկեղծությամբ ու հուզականությամբ 1960-2010թթ. գրված բանաստեղծությունները։ Իսկապես՝ տիկին Ղոչիկյանը փակվելով սեփական խցում՝ հնարավորություն է ունեցել ուսումնասիրել նախ՝ իրեն, հետո՝ մարդկանց, անցնել կյանքի հողմակոծ աշխարհը»,- նշեց գրականագետը, հետո էլ հավելեց,- թվում է՝ հեշտ է գրել առաջին դեմքով, պատմել սիրո, ցավի, մտորումների ու ցանկությունների մասին, անել եզրահանգումներ, որոնք բխում են ապրած օրերից։

Պետք է ասեմ, որ դա բարդ աշխատանք է՝ արվեստի կանոններով եւ էպիկական վրձնումներով բանաձեւել հոգու մանրակերտերը, հուզական ողջ ներուժը, որ այն համոզիչ եւ տոկուն լինի, միեւնույն ժամանակ նոր ասելիք ունենա։ Հեշտ չեն պոկվել, անջատվել բանաստեղծի հոգուց, այլ՝ կաթիլ-կաթիլ ափսոսանքներից ու չստացված օրերի պատառիկներից»։

Հեղինակ՝   Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Նյութի աղբյուրը՝ aravot.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed