«Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը. Նրանք հայց են ներկայացնում

Աֆրիկյանների տան ապամոնտաժման անվան տակ տեղի ունեցող քանդումը, որն իրականացվում է ՀՀ կառավարության որոշմանը հղում տալով հակասում է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիային: Այս մասին հայտարարություն է տարածել «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնությունը:

Հայտարարությունը մասնավորապես ասվում է.

«Արդեն մոտ երկու շաբաթ է, ինչ անօրինական կերպով Երևան քաղաքի կենտրոնում, Տերյան 11 հասցեում, իրականացվում է պետության կողմից պահպանվող հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող Աֆրիկյանների (եկամտաբեր) տան քանդումը։ Քաղաքացիական նախաձեռնության բազմաթիվ ահազանգերի առկայության պայմաններում անօրինական քանդումն իրականացվել է ոստիկանական պաշտպանությամբ, և դադարեցվել է միայն մշակույթի նախարարության մի շարք սկզբունքային աշխատակիցների, նախաձեռնության անդամների շարունակական ներկայության և մեդիայի օգնությամբ։

Քանդման անօրինականության և աննպատակահարմարության մասին բազմաթիվ անգամներ խոսվել է, որոնցից ամենացայտունը 21.10.2008թ.-ին ԱԺ-ի կողմից վավերացված է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան է, որի 5-րդ հոդվածում մասնավորապես նշված է, որ. «յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել…»: Այսինքն ապամոնտաժման անվան տակ տեղի ունեցող քանդումը, որն իրականացվում է ՀՀ կառավարության 7.10.2004թ.-ի 1616-Ն որոշմանը հղում տալով հակասում է վերը նշված կոնվենցիային։ Այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության հոդված 6-ով ամրագրված է, որ. «Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:

Հաշվի առնելով այդ փաստը, որ մշակույթի նախարարության մի շարք անսկզբունքային աշխատակիցներ տվել են իրենց համաձայնությունն իրականացնելու համար նշված քանդումը, որի հիման վրա և Երևանի քաղաքապետարանը տրամադրել է անօրինական ապամոնտաժման թույլտվություն։ Ելնելով վերոնշյալից Պահպանենք Աֆրիկյանների տունը քաղաքացիական նախաձեռնության անունից Հայաստանի հելսինկյան կոմիտեն և «Ուրբանլաբ Երևան» ՀԿ-ն հայց են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, հաստատել Երևանի քաղաքապետի 26.08.2005թ. N 1845-Ա և ՀՀ Կառավարության 25.01.2007թ.N 108-Ն որոշումների առ ոչինչ լինելը:

Միևնույն ժամանակ նախաձեռնությունն աշխատում է տեղական ու միջազգային մակարդակներում վերահաստատելու հուշարձանների տեղափոխման հակամշակութային գործընթացի անթույլատրելիության փաստն ու դադարեցնել այդ անընդունելի ավանդույթը Հայաստանում։

Քաղաքացիական նախաձեռնությունն իր շնորհակալությունն է հայտնում լրատվամիջոցներին ու սկզբունքային մասնագետներին աջակցության համար, և կոչ անում պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին հարգել ՀՀ ստանձնած միջազգային հանձնառություններն ու դադարեցնել շենքի քանդումը, պատասխանատվության ենթարկել անօրինականությունը թույլատրված պաշտոնյաներին ու շինարարներին, անհապաղ քայլեր ձեռնարկել շենքի էականորեն տուժած կառույցի ժամանակավոր կոնսերվացման, ինչպես նաև մասնագիտական ու հանրային լայն շրջանակների հետ քննարկել շենքի և դրա շրջակայքի պատմական միջավայրի վերականգնման խնդիրները»:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը. Նրանք հայց են ներկայացնում”

Leave a Reply

Your email address will not be published.