Չարենց` Խենթությունից առ Աստված

Հավանաբար, տաղանդավոր մարդը նա է, ով զգում ու տեսնում է այն, ինչն այլոց կազմախոսորեն (ֆիզիոլոգիապես) հասու չէ: Եվ շատ հաճախ, ի տարբերություն մյուսների, տաղանդը երևի տեսնում է Բնությունը, իսկ հանճարը՝ լսում Աստծու ձայնը: Սովորական մարդիկ նախանձում են նման բացառիկներին: Բայց նրանք չգիտեն՝ ինչ սոսկալի գին պետք է վճարի Հանճարը: Տառապանքի գինը: Խենթությա՜ն գինը:
Ժողովուրդն ասում է. «Գժի աղուն Աստված է աղում»: Խենթությունը վաղնջական պատկերացումներում ընկալվել է որպես աստվածային, սրբազան հատկություն. մարդկանց թվացել է, որ խենթը խոսում է վերերկրային, իմսատասիրական ըմբռնմամբ՝ բնազանցական (մետաֆիզիկական) ուժերի հետ և հետևաբար գիտե Ճշմարտությունը: Ճշմարտությունն իմացողից վախեցել են, ինչպես, օրինակ, Աստծո կողքը կանգնած Գրողի կերպարից, որ գրանցում էր մարդկանց արարքներն ու գիտեր նրանց Ճակատագիրը, բայց նաև լցվել նրա հանդեպ անբացատրելի երկյուղածությամբ: Չմոռանանք նաև, որ մեր ավանդավեպը կոչվում է <<Սասնա ծռեր>>…Չեմ զսպում հարցս՝ գուցե Աստծո զավակնե՞ր…Մարդը կտրվեց Բնությունից, հետո՝ Աստծուց, կորցրեց ոտքի տակի հողը, իրեն դրեց Բնության ու Աստծո տեղ ու ստեղծեց այսպես կոչված քաղաքակրթություն՚ կամ <<մարդկանց աշխարհը>>: Այ հենց այդ կետից էլ մեկնարկեց այն խենթությունը, որը 20-րդ դարում պիտի ավելի ահագնանար և վերածվեր այսպես կոչված ՙհոգեկան խանգարման՚: Մեջտեղ եկավ նաև ՙՙանձի երկատման՚ գաղափարը՝ իբրև երբեմնի ամբողջական մարդու հոգևոր տրոհման ազդանշան կամ ավելի ճիշտ՝ հետևանք: Եթե ՙհոգեկան խանգարում՚ եզրը թարգմանենք ավելի հասկանալի բառի, կտեսնենք, որ խոսքը նաև կամ նախ և առաջ տաղանդի մասին է, որի բարձրակետ հանճարեղության մասին սույն մտորումս էլ Չարենցի ծննդյան հոբելյանի առիթով եղավ: Ահա գրում է. <<Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց, Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան, Միայն պոռնիկը մշուշում համբուրեց, Եվ խելագարը բարևեց կիսաձայն>>: Փաստորեն, Չարենցին միայն Խելագարն է բարևել, միայն նա՜ է հասկացել իր լեզուն: Ինչո՞ւ, որովհետև Հանճարին միայն Խելագարը պիտի բարևի: Ըստ էության,<<ՙբարևել>>-ը Չարենցի պոետիկայում նշանակում է <<ճանաչել>>…Եվ քանի որ միայն սրբազան խենթությամբ է հնարավոր առնչվել Վերին ուժին, ուրեմն, Խելագարի կիսաձայն <<բարևի>> խորքում փնտրենք Աստծու ողջույնը Հանճարին…

Աղբյուրը` գրականագետ Լևոն Գալստյանի ֆեյսբուքյան էջ

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed