Չարենցը ոչինչ չի խոսում՝ նա դողում է. Ընթերցումներ

«Տուրիստ» սրճարանում իր ուրույն տեղն ուներ Նաիրի Զարյանը: Բերիա-Ստալին զույգի հակահայ արարքների մասին մի շշուկ անգամ լսելով՝ գրախոսության անվան տակ նա զբաղված էր մատնիչությամբ: Օրինակ՝ Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» գրքի մասին մատնությանը համազոր ամբաստանագիր է գրում, որ Թոթովենցն իր վերջին գրքի մեջ խոսել է թուրքական կոտորածների մասին, գիտակցությամբ մոռացության տալով կոտորածների պատվիրատուներին՝ դաշնակներին: Դա բավական էր, որ ձերբակալեն նրան: Թե ինչ տանջալից կտտանքների է ենթարկվել Թոթովենցը, պատմել են ականատեսները: Հարցաքննություններից մեկի ժամանակ նա գոռացել է․ «Ֆրանսիացիների լրտեսը կլինեմ, ճապոնացոց կլինեմ, հաբեշների լրտեսը կլինեմ, թուրքական լրտես չեմ լինի, չեմ լինի»:

Գնդակահարությունից առաջ Վահան Թոթովենցին հաջողվում է տեսակցել 14-ամյա որդու՝ Լեւոնի հետ, ծնկաչոք գրկում է տղայի գլուխը, շնչում որդիական բույրը և կարոտագին արցունքներով բաժանվում: Անխիղճ դահիճները գնդակահարում են այս լուսավոր, պայծառ, ազնիվ հայորդուն: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ որդին՝ Լևոնը, կամավոր մեկնում է ռազմաճակատ և զոհվում: Սա ենք մենք:

Թորգոմ Փոստանջյան, «Ականավոր հայ գրական դեմքեր» Չգնահատված Չարենց կամ պատասխան Վահրամ Աթանեսյանին

1936թ. հուլիսի 9-ին Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Աղասի Խանջյանին կանչում են Թբիլիսի, կանչողը Լավրենտի Բերիան էր, որի կողմից էլ սպանվում է այնտեղ: Սակայն Հայաստան լուր են ուղարկում, թե Աղասի Խանջյանն ինքնասպան է եղել: Նա անչափ սիրված ու ճանաչված ղեկավար էր, ամբողջ հայ ժողովուրդը ցնցված էր: Եղիշե Չարենցը շատ մոտ էր նրա հետ, և այդ օրերին նա գրում է. «Ես Աղասուն լավ եմ ճանաչում, նա ուժեղ կամքի տեր մարդ էր, այդպիսի բան չէր անի, երբեք չէր անի, Թիֆլիսում սպանել են, սուտ է, նա ինքնասպան չի եղել, ինքնասպանության համար չկան պատճառներ, եթե կան էլ, ինչո՞ւ ինքնասպան լինել ուրիշի հողում, Խանջյանը մեր վերջին հերոսն էր, որին սպանեց Բերիան»:

Այս սպանությունից հետո ազատություն են ստանում Բերիայի վարձու մատնիչների ձեռքերը, և սկսվում են մեծածավալ բանտարկություններ: Երևանում կար «Տուրիստ» անունով սրճարան, որտեղ ամեն օր հավաքվում էին հայ գրողները, մտավորականությունը, նրանց մեջ կային նաեւ լրտեսներ, մատնիչներ: Շշուկով ասված ամեն մի խոսք ձերբակալությամբ էր ավարտվում: Գրողների միության նախագահն էր տխրահռչակ գրչակ Գևորգ Աբովը, հատկապես Չարենցի բացակայության օրերին, նիստերի ժամանակ ելույթ էր ունենում, նրան որակելով որպես նացիոնալիստ, տրոցկիստ եւ հակա: Նման ելույթներից մեկի ժամանակ հայտարարում է, որ Չարենցը ցանկանում է տեռորի ենթարկել Բերիային:

Ի պաշտպանություն Աբովի, ելույթ են ունենում մեր անփառունակ գրողներ Ալազանը, Նաիրի Զարյանը, Հրաչյա Քոչարը, Խ. Դաշտենցը, Արազին, Տարոնացին, Ա. Վշտունին, Մկրտիչ Արմենը: Ստոր ամբաստանություններով, նույնիսկ հայհոյանքներով Չարենցին համարում են հակա և դաշնակ:

Այսքանից հետո անխուսափելի էր նրա ձերբակալությունը: 37թ. նոյեմբերի 27-ին հաղորդագրություն է տարածվում, որ Չարենցը բանտում մահացել է: Սակայն ո՞րն է իրականությունը: Չարենցի սպանության մանրամասները պատմել է գնդապետ Սամսոն Ստեփանյանը։ 1970թ. գտնվելով ԱՄՆ-ում՝ իր եղբոր աղջկա տանը, նրան եւ ամուսնուն պատմել է հետեւյալը․ 1937թ. նոյեմբերի 27-ին, կեսգիշերին, Եղիշե Չարենցին հանում են Երեւանի բանտից, քաշքշելով նստեցնում են մեքենա, մեքենան վարել է Մահմեդ անունով մեկը։ Նստում են Մուղդուսին, Սամսոնը, մի բժիշկ եւ Չարենցը:

Մեքենան գնում է Սուխոյ ֆանտանի կողմը, ցուրտ եւ անձրևոտ օր է լինում, ամբողջ ճանապարհին Չարենցը ոչինչ չի խոսում՝ նա դողում է։ Տեղ հասնելով նախապես փորված փոսի մոտ՝ քաշելով դուրս են բերում նրանեքենայից առանց վայրկյան կորցնելու Մուղդուսին հրամայում է․ «Սամսոն պետ, վերջացրու սրան»: Սամսոն Ստեփանյանն ատրճանակով ծոծրակից սպանում է Չարենցին: Բժիշկն ստուգում է՝ մահացած է, թեպետ մարմինը դեռ տաք է լինում: Փոսի մեջ թաղում են, հողով լավ ծածկում և հեռանում: Պատմում է գործողության մասնակից Սամսոնը: «Գրող»-ի անվան տակ այս ոհմակը հերթով վերացնում է մեր տաղանդներին:

 

Հեղինակ Վալյա ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Աղբյուրը ` hraparak.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed