Որտե՞ղ էր Դրախտը. Հոգևոր ընթերցումներ

Սուրբ Գրքում ընթերցում ենք, որ Դրախտը արևելյան կողմում՝ Եդեմ կոչված վայրում էր (Ծննդ. 2:8) և այն Հայաստանի Խնուս գավառի Բին-Գյոլ կոչված վայրին է համապատասխանում: Որովհետև Դրախտից դուրս եկող չորս գետերը, որոնք են Փիսոնը, Գեհոնը, Տիգրիսն ու Եփրատը, այդ կողմերի լեռների ստորոտներից են բխում: Փիսոնը, որը Ճորոխ գետն է, Բաբերդի լեռներից սկիզբ առնելով՝ Գյումուշխանի և Ջանիկոյի շրջակայքում պտույտ է գործում, որտեղ ոսկու, արծաթի և պղնձի հանքեր կան: Երկրորդը՝ Գեհոնը, որ Արազ գետն է, Եթովպիայի, կամ որ նույնն է Դավրեժի շրջակայքով է հոսում, քանի որ նախկինում այդ կողմերի բնակիչներին եթովպացի էին կոչում: Երրորդը՝ Տիգրիսը Շաթն է, որը դեպի Ասորեստան է հոսում, այսինքն Տիգրանակերտ և Մուսուլ քաղաքների շրջակայքը: Չորրորդը՝ Եփրատը, որը Մուրադ գետն է, Մշո գավառից անցնելով՝ հոսում և միանում է Տիգրիսին:

Եդեմական դրախտի որտեղ գտնվելը մի՛ հարցրու, այլ՝ երկնային դրախտի որտեղ լինելը, և թե ի՞նչ ճանապարհով և ի՞նչպես կարելի է այնտեղ մտնել, ահա այդ սովորիր: Քանզի Եդեմական դրախտ մտնողը դուրս եկավ, իսկ երկնային դրախտ մտնողը միշտ այնտեղ է մնում: Նաև հայտնի է, որ հանցանքի պատճառով մարդը դրախտից վտարվեց: Արդ, եթե հանցանքը մարդուն դրախտից վտարում է, Հիսուս Քրիստոսի շնորհով առաքինությունը մարդուն երկնային դրախտ՝ արքայություն է մտցնում:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ 1902

Աղբյուրը` surbzoravor.am

Տարածել`
Share

You may also like...