Որտե՞ղ էին գտնվում Անահիտի տաճարները և ինչպես ավերվեցին

Նախաքրիստոնեական Հայաստանում գործող բոլոր սրբավայրերը անխնա ավերվեցին և թալանվեցին քրիստոնեության ընդունումից հետո Գրիգոր Լուսավորչի և իր համախոհների ձեռքով: Գաղտնիք չէ, որ ավերված տաճարների վրա կառուցվեցին եկեղեցիներ, սակայն որքան էլ փորձեցին ոչնչացնել հայոց հնագույն հավատքի հիմքերը, միևնույն է, տաճարի հիմքերն իրենց մասին հիշեցնում են:

Անահիտի դիցուհու և բոլոր հայ դիցերի ամենահռչակավոր մեհյանները գտնվում էին Եկեղյաց գավառի Երիզա ավանում՝ Գայլ գետի մոտ և Եփրատի մերձակայքում Մեծ ու Փոքր Հայքերի միջև: Այստեղ Անահիտի աշտամունքը ու հանդիսությունները այնքան մեծ հռչակում ունեին, որ մինչև իսկ գավառը Անահտական կոչվեց, և երկիրն էլ ընծայվեց նրան ու քրմերին:

Հայտնի է, որ Անահիտին նվիրված ոսկեղեն մի կուռք է կանգնեցվել Երիզայում, որի համար Տրդատը Գրիգորին հրամայել է. «զի պսակս և թաւ ոստս ծառոց ՝ նուէրս տարցի բագնին Անահտական պատկերին»: Իսկ Գրիգորը ասում էր. «Զոր դուդ կոչես Մեծ Անահիտ Տիկին, լեալ իցե ն արդեօք մարդիք ոք յայնժամ երբեմն ժամանակի. Քանզի դիցապաշտ կախարդութեամբ զմարդիկն որ յայնժամ էին՝ ցնորիւք կերպս կերպս լինելով դիւացն, հաւանեցուցին զմեհեանս շինել և պատկերս կանգնել և երկիր պագանել, որ ոչ իսկ են» և այլն: Եվ 13 տարի անց Տրդատը ուրնում է և «զգաստացեալ զօրօքն՝ փշրէին զոսկի պատկերեն Անահտականաց դիցն, և ամենեւին զտեղին քանդեալ վատնէին, և զոսկին և զարծաթն աւար առեալ» և եկեղեցու սեփականությունը դարձրին ոչ միայն կուռքերը, այլև մեհյանին նվիրվածները:

Անանիա վարդապետը ասում է. «Օրհնեալ ես դու լուսանկար առագաստ, որ շքեղաճոխ նազանօք զօրացար ի վերայ պատկերացն դրօշելոց, և հարեալ խորտակեցեր զսնոտի պաճուճանս դիւանուէր և քաջապերճ պարծանաց Անահիտն տիկնոջ»:

Փոքր Հայքին սահմանակից Պոնտոսի Զելա ու Կոմանա քաղաքներում էլ կային Անահիտի մեծաժողով ուխտատեղիներ ու մեհյաններ (Ստրաբոն XII):

Եկեղյաց Երիզայում՝ Արմավիրում՝ հայոց հին մայրաքաղաքում, երևելի մի մեհյան կար, որտեղ Վահունի քրմերը Ապոլոնի անդրիի հետ միասին կանգնեցրին նաև Արտաշեսի բերած Արտեմիսի պղնձաձույլ, ոսկեզօծ արձանը, որը հետագայում Երվանդը այլ աստվածների արձանների հետ փոխադրեց Բագարան: Այդտեղից էլ նրա օրինավոր հաջորդը՝ Արտաշես Բ-ն, փոխադրեց Արտաշատ, որտեղ ընկավ Լուսավորիչի և Տրդատի կուռքաակործան ձեռքերի տակ: Դրանից առաջ Բարդուղիմեոս առաքյալը «մի խաչով կործանել էր Անձևացյաց երկրի Դարբնաց քարում կանգնեցված Անահիտի կուռքը և այդ խաչը կանգնեցրել էր այնտեղե:

Ծոփք գավառում հիշվում է Անահիտի աթոռ լեռը (կարծիք կա, որ այն ներկայումս Քեոշմեր է կոչվում): Այնտեղ 4-րդ դարի վերջում ճգնում էր Եպիփանոսը՝ ս. Դանիել ծերունու աշակերտը: Տարոնի հայոց ավանի Առաքելոց վանքի մոտերքում կա Տիրինկատար կամ Ծիրինկատար կոչվող բերդատեղին Տավրոս լեռներում՝ Արեգակնածագ բլուր կոչված տեղում, որտեղ կար Անահիտի մի պատկեր, որի մասին Գրիգորը գրում է. «Խորտակեցաք, և տոււաք զԲերդն Տիրինկատարի՝ իւր քաղաքովն և ամենայն սահմանօքն՝ ընծայ Ս. Առաքելոցն»: Ղ. Ալիշանը գրում է. «Տիկին-ի փոխարեն այստեղ ասված է Տիրին, ասել է թե՝ Տիրուհի հայոց: Սրա նման հին էտրուսկները ևս (որ համարվում են Հայաստանից գաղթած) իրենց Աստղիկ դիցուհուն կոչում էին Տուրան»:

Կարծիք կա, որ Աշտիշատի երկրորդ՝ Ոսկեմայր Ոսկեծին դիցի մեհյանը, որի բագինն է Ոսկեհատը, լինի Անահիտինը, թեև Սեմեոն վարդապետն այն համարում է Դեմետրինն ու Գիսանեինը:

Կեսարիայից վերադառնալիս Լուսավորիչը կործանում է նաև այս բագինն ու դրա վրայինը և այդտեղ կանգնեցնում առաջին եկեղեցին՝ տոնի օր սահմանելով սահմի ամսի յոթերորդ օրը (հոկտեմբերի 15):

Ըստ այդմ՝ Անահիտին նվիրված մեհյաններ կային Արտաշատում, Արմավիրում, Քաջարանում, Անահտաձորում, Աշտիշատում, Վասպուրականի Անձևացյաց գավառում, Սյունիքի Անատձոր վայրում, Տարոնի Քարքե լեռան վրա:

Նշվում է, որ Անահիտի գրեթե բոլոր մեհյանները վերածվել են Մարիամ աստվածածնին նվիրված եկեղեցիներ: Լուսավորիչը, վերցնելով Անահիտի պաշտամունքի գաղափարախոսությունը, Անահիտի հատկանիշները, այն վերագրել է Մարիամ աստվածածնին:

Անահիտի բոլոր տաճարներն ու արձաններն անխնա ոչնչացվել են: Հիշատակվում է նաև,  որ մ.թ.ա. 34 թվականին հռոմեացի զորավար Անտոնիոսը և նրա զինվորները ջարդել են Անահիտի Երիզայում գտնվող ոսկեձույլ արձանը և բեկորները միմյանց մեջ բաժանելով տարել Հռոմ:

 

Աղբյուրներ՝

Ղևոնդ Ալիշան, «Հայոց հին հավատքը կամ հեթանոսական կրոնը»

Ագաթանգեղոս, «Պատմություն Հայոց»

Հովիկ Ներսիսյան, «Հայագիտական Ուսումնասիրություններ»

 

Նյութը՝ «Ազատ Ձայն» լրատվականի

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed