«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին կներկայացվեն Կաննի, Բեռլինի և Վենետիկի միջազգային կինոփառատոների մրցանակակիր ֆիլմերը

Հուլիսի 10-17-ը, արդեն 13-րդ անգամ, Երևանում տեղի կունենա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որին այս տարի ներկայացվել է ավելի քան 900 ֆիլմի հայտ՝ 91 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ: Այս տարվա արտամրցութային ծրագրերում ներկայացված կլինեն Կաննի, Բեռլինի և Վենետիկի միջազգային կինոփառատոների մրցանակակիր ֆիլմերը, ինչպես նաև անվանի կինոգործիչների աշխատանքները: Կինոփառատոնի բացումը կկայանա Պիեռ Լեոնի «Երկու, Ռեմի, երկու» (2015 թ.) ֆիլմի ցուցադրությամբ, իսկ փակմանը կցուցադրվի աշխարհահռչակ բելգիացի ռեժիսորներ Դարդեն եղբայրների վերջին` «Անծանոթուհին» ֆիլմը: Այս անգամ փառատոնը ձեռնպահ է մնացել հանդիսավոր և ճոխ բացման արարողությունից և  նախընտրել է դրա փոխարեն 1-2 ավել լավ ֆիլմ բերել Հայաստան: «Ոսկե ծիրանի» այս տարվա պատվավոր հյուրը կլինի հանրահայտ դերասանուհի, մեծանուն ռեժիսորների ֆիլմերի աստղ Ժակլին Բիսեթին: Կցուցադրվի նրա դերակատարմամբ երեք նշանավոր կինոնկար: «Ոսկե ծիրանի» շրջանակներում անդրադարձ է լինելու ՀՀ անկախության 25-ամյակին: «Հայկական կինո. արդի ժամանակներ» խորագրի ներքո ներկայացվելու են 25 տարվա ընթացքում նկարահանված խաղարկային և վավերագրական լավագույն 17 ֆիլմերը: Կինոփառատոնի շրջանակներում կկազմակերպվեն հայկական կինոարվեստի երախտավորներ Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի, Ռուբեն Գեւորգյանցի և Ռոման Բալայանի հոբելյանական երեկոներ: Իսկ Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի եւ Ալբերտ Յավուրյանի հոբելյանների առթիվ անվանական աստղեր կտեղադրվեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: «Ոսկե ծիրանը» Հայաստանում Բրիտանական խորհրդի հետ համատեղ հատուկ ծրագիր կներկայացնի՝ նվիրված անգլիացի հռչակավոր գրող Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին: Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն հեղինակի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված լավագույն կինեմատոգրաֆիական նմուշները: Հետահայաց ցուցադրություների ծրագրում կներկայացվի «Հարավսլավական սեւ ալիքի» ամենախոշոր եւ ակնառու ներկայացուցիչներից մեկի` սերբ կինոռեժիսոր Ժելիմիր Ժիլնիկի ֆիլմոգրաֆիայի լայնածավալ ընտրանին: Ժիլնիկը նաև այս տարվա Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է: Անվանի ռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենն էլ, որ Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի անդամ է, կներկայացնի իր ռեժիսորական աշխատանքների 3, ինչպես նաեւ օպերատորական աշխատանքներից մեկ օրինակ: Ի դեպ, հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը կգլխավորի «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի միջազգային խաղարկային մրցույթի ժյուրին:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Տարածել`
Share

You may also like...