Ոսկեթել մանկություն. Երեկոյան ընթերցումներ

Մեր գյուղ տանող անտառներն ամեն քայլի հետ խորանում են՝ կորցնելու չափ մարդուն հասցնելով թփուտների մեջ: Արահետից  մինչև անտառի թավուտները գնացող հողաթմբերը  յուրաքանչյուր անցորդի առջև բացում են մի կախարդական աշխարհ: Ցատկոտելով, իսկ երբեմն էլ՝ կռանալով անցնում էինք ճանապարհը, խորանում մեր սիրելի խոնավ, կանաչազարդ, բազմագույն ծաղիկներով ու կանաչով լեցուն անտառները, որոնք ոչ սկիզբ ունեն, ոչ ավարտ:

Առաջին իսկ քայլերիդ հետ առջևումդ է հայտնվում ճամփաբաժանների վրա կնիքված արջաթաթի խոշոր հետքերը, իսկ քիմքդ հաճելի շոյում է ծառասունկի խոնավ բույրը, որին մայրաքաղաքի «կուլտուրական» մարդիկ  ասում են կախասունկ: Բայց կախասունկն ի՞նչ  է,  ծառասոկոնն ավելի շատ բան է ասում դաշտ ու կանաչի ազատությանը մատված մաչուկների հոգուն, քան մայրաքաղաքի անսիրտ քերականությունը:

Գյուղի սարերի լանջերին անցել է մեր ամբողջ գերդաստանի մանկությունը՝ հագեցած գետերի ստորոտներին ու գյուղական հոլիկների առջև փռված չարաճճի շուլուխներով, պատանեկան գաղտագողի սիրահարություններով:

Ա՜խ, ինչ լավ էր հենց այդ մանկությունը: Փայտե տնակների  առաջ նստում էինք և խաղեր  էինք հնարում: Իսկ սոված ժամանակ վազում էինք տատի երկաթե մեծ պղնձի  միջից հանում հացի կտորներն ու դարձյալ վազում դուրս:

Բոլորս էլ սիրում էինք հաց ու պանիր, էլ ինչ մանկություն՝ առանց հաց ու պանրի: Կշտանում էինք հենց միայն պարաններին՝ լվացքի նման փռված թել-պանիրներին նայելով, երբեմն էլ դրանց գայթակղության չդիմանալով՝  գողանում էինք դեռ կիսապատրաստ ջլի կտորներն ու արագ բերաններումս կողպած  փախչում, որ տանեցիք չտեսնեն:  Այդ օրերին թեև սով էր, սակայն մենք կուշտ էինք մեր թոնրում թխված հաց-պանրով, իսկ առավել՝ թե մանկական, թե պատանեկան խենթություններով տարված:  Սով չէինք զգում հատկապես մեզ ընծայված այդ հարուստ, շքեղ առատաձեռն բնությամբ. Հենց  այն էր, որ  անկողմնակալ ծնողի նման կերակրեց, կրթեց ու դաստիարակեց մեզ:

Վաղորդյան կիսամթուի  շաղերի մեջ թաղվելով մոտակա սարերից այն կողմ ժայթքող ջրաղբյուրն էինք գնում ջրի: Հերթով էինք դույլերը դնում հոսող ջրի տակ ու սպասում: Իսկ անասունները դնչները խրում էին ջրափոսն ու որպես օրհնություն՝  կուշտ-կուշտ խմում սառնորակ ջրից: Անասունների դնչերից մշտապես ջուր էր կաթում, հոսում էր  մինչև փափուկ մորթե ծածկույթը: Հայելու պես փայլող, լայն, մեծ ռունգերով քթերի վրայից քեզ էին նայում երկու խոշոր, փայլուն ու բարի աչքեր:

Անասնահոտը դանդաղ սարալանջ էր բարձրանում արոտի՝ անշտապ, իրար չխանգարելով, իրարից չփախչելով, երբեմն կանգ էին առնում քարերին քսում մեջքները, պոչերը պտտելով նորից հանդարտ շարունակում քայլել:

Ես նկատել էի, որ ճերմակ, սև, շագանակագույն ու բոսորագույն տավարների մեջ ամենաակտիվները հենց այդ կարմիներն  էին: Դրանք կարողանում էին իշխել մյուսներին ու մշտապես առջևից էին գնում:

Ճիշտ է, գյուղում միշտ էլ ջրի պակասություն  եղել է, բայց բերկրանքի՝ երբե՛ք: Բնության աննկարագրելի գեղեցկությունը երբեմն-երբեմն գողանում է միտքդ, մի պահ ուզում ես թողնել իրականությունն ու հասնել մանկության ամենատպավորիչ օրերը, բռնել և շոշափելու չափ  զգալ դրանք, վերապրել այն, ինչն ամենաթանկն է մարդու կյանքում՝ ոսկեթել մանկությունը, որին էլ հենց  միացած են կյանքի բոլոր հանգույցները:

Հեղինակ՝ Վ. Գիշյան

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed