Ո՞վ է Հայաստանի լավագույն ֆրանսախոս դեսպանն աշխարհում. Ազնավուրը գիտի պատասխանը

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, չնայած պատկառելի տարիքին (շանսոնյեն արդեն 91 տարեկան է), չի կորցրել եռանդն ու հումորի զգացումը։ Ազնավուրը, որը վաղը մենահամերգ կունենա Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, եւ երեկ երեկոյան է ժամանել Երեւան, այսօր կեսօրին հյուրանոցից դուրս գալիս պատասխանեց NEWS.am-ի մի քանի հարցերին։

Մեր թղթակցի դիտարկմանը, թե «Դուք Հայաստանի լավագույն ֆրանսախոս դեսպանն եք աշխարհում», շանսոնյեն իրեն հատուկ հումորով ու առանց ավելորդ համեստության պատասխանեց. «Այո, կարծում եմ, որ այդպես է»։

Ազնավուրի կարծիքով` ուշագրավ է այն, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 31-րդ համաժողովը որոշել են Հայաստանում անցկացնել, չնայած Հայաստանը ֆրանսախոս երկիր չէ։

«Սա մեկ քայլ առաջ է, եւ ֆրանկոֆոն երկրներին ավելի մերձենալու հնարավորություն։ Քաղաքական առումով չգիտեմ, ես քաղաքականությունից ոչինչ չեմ հասկանում, բայց բարեկամական կապերը հաստատ էլ ավելի կամպրանդվեն»,– ասաց Ազնավուրը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ից 11-ը Երեւանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը: Ընդհանուր առմամբ, համաժողովին մասնակցելու նպատակով Երեւան կժամանի Ֆրանկոֆոնիայի անդամ եւ դիտորդ, 5 մայրցամաքներ ներկայացնող 80 պետությունների 500 ներկայացուցիչ, որոնց մի մասը ներկայացված կլինեն արտաքին գործերի նախարարների մակարդակով։

Նախարարական հանդիպման շրջանակներում կազմակերպված է նաեւ հարուստ մշակութային ծրագիր: Որպես միջոցառումների գլխավոր մշակութային ձեռնարկ` հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է Շառլ Ազնավուրի համերգը: Հայաստան են ժամանելու Ֆրանսիայից եւ Հայիթիից երաժշտական խմբեր, որոնց կատարումները նախատեսվում են Երեւանում եւ Գյումրիում:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամաերգային համալիրում, որտեղ կայանալու է նախարարական համաժողովը, նախատեսվում է Հայաստանի զբոսաշրջությունը, բարձր տեխնոլոգիաները, մշակույթը ներկայացնող տաղավարների եւ հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսների կազմակերպում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ո՞վ է Հայաստանի լավագույն ֆրանսախոս դեսպանն աշխարհում. Ազնավուրը գիտի պատասխանը”

Leave a Reply

Your email address will not be published.