Շվեդիայում օծվեց հայկական խաչքար

ter-hambardzum.net-ը գրում է՝

Օգոստոսի 21-ին Շուէդիայի Սէոդերթելիէ քաղաքի Ս. Մարիամ Աստուածածին հայկական եկեղեցում մեծ տօնակատարութիւնն էր: Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Յովհաննիսեանի հանդիսապետութեամբ եւ ձեռամբ օծուեցին եկեղեցու մկրտութեան Ս. Աւազանը եւ բակում տեղադրուած հրաշակերտ խաչքարը` նուիրուած Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին:

Սրբազան հորը՝ Կենտրոնական Եւրոպայի Հայրապետական Պատուիրակի պաշտօնակատար հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսեանի գլխաւորութեամբ համայնքի անդամներից կազմուած թափորը դիմաւորեցին աղուհացով:

Արարողութեանը կազմակերպչական իրենց մասնակցութիւնն էին բերել Կենտրոնական Եւրոպայի Հայրապետական Պատուիրակի Սկանդինաւիոյ Փոխանորդ հոգեշնորհ Տ. Եղիշէ վարդապետ Աւետիսեանը, ինչպէս նաեւ հոգեւոր հովիւներ Տ. Նորայր քահանայ Գեանջումեանը եւ Տ. Ստեփանոս քահանայ Յովհաննիսեանը, Օհան սարկաւագ Պետրոսեանը, Սէոդերթելիոյ հայ եկեղեցական խորհուրդի անդամները, բարերարները եւ եկեղեցւոյ հաւատացեալները:

Արարողութեանը ներկայ էին քոյր եկեղեցիների բարձրաստիճան հոգեւորականներ, Շուէդիայում եւ Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտակ Ապիտօնեանը, Սէոդերթելիոյ քաղաքապետուհի տիկին Բուել Գոդներ, հիւպատոս Դաւիթ Մանուկեանը, Շուէդիոյ քրիստոնէական փոքրամասնութիւնների պետական խորհրդի քարտուղար Մաքս Ստոքմանը, բարերարներ Հրաչ Մարութեանը, Մելքօն Մելքօնեանը, Սիլվա Յարութիւնեան, Ջուէլ Յովհաննիսեանը եւ այլն:

Գերաշնորհ Մարկոս եպիսկոպոս Յովհաննիսեանը քարօզի մեջ նշեց, որ Սոդերթելիոյ հայ եկեղեցական համայնքը եւս մեկ ձեռքբերում ունեցաւ հոգեւոր կեանքում ՝ խաչքարի եւ աւազանի օծման կապակցութեամբ և հորդորեց ամուր մնալ ազգային եւ հոգեւոր աւանդութեան մեջ: Գերաշնորհ Սրբազանը Սրբալոյս Մյուռոնով եկեղեցւոյ մկրտութեան ս. աւազանը օծելուց յետո օծեց ըստ կարգի նաեւ մկրտութեան սրբապատկերը:

Մկրտութեան աւազանը եկեղեցուն էր նուիրաբերել Շուէդահայ բարերար տիար Հրաչ Մարութեանը: Խաչքարի քանդակագործն է Հայաստանի արուեստագետ Գարեգին Մխիթարեանը:

Շնորհակալական խօսքերով հանդես եկան Շուէդիայում եւ Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտակ Ապիտօնեանը, Սէոդերթելիոյ քաղաքապետուհի տիկին Բուել Գոդներ, Շուէդիոյ քրիստոնէական փոքրամասնութիւնների պետական խորհրդի քարտուղար Մաքս Ստոքմանը, Ասորի եկեղեցու հոգեւորական տէր Գաբրիէլ Բարկաշոն:

Հոգեշնորհ Հայր Տիրանը շնորհաւորելով սէոդերթելիահայերին խաչքարի օծման առթիւ` իր օրհնությունը բերեց նախաձեռնող բարերարներին ու եկեղեցական խորհուրդին՝ մաղթելով, որ քարակերտ այդ խաչերը` որպես Կենաց ծառի փրկագործութեան խորհուրդ եւ Հայոց Ցեղասպանութեան սրբադասուած նահատակների բարեխօսութեամբ դառնան մեր աղօթքներն առ Աստուած վերառաքողներ՝ աշխարհի խաղաղութեան, Սէոդերթելիոյ հայ եկեղեցական համայնքի հոգեւոր յառաջընթացի համար:

Xachqa shved2Xachqar 2

Տարածել`
Share

You may also like...