Շնորհավոր տոնդ, սիրելի ուսուցիչ

Ի՞նչ կմնար մարդկութիւնից, Տէ՜ր Աստուած,
Թէ չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
Ահա ինչու` ամբողջ հոգով եւ սրտանց-
Ուսուցիչներ, խոնարհւում եմ ձեր առջեւ:

Ամէն մարդ էլ… ունի սիրած ուսուցիչ,
Հանճարն անգամ… Ուսուցիչ է ունեցել:
Դուք` անանո՜ւն, ձեր սաները` անուանի: –
Ուսուցիչներ, խոնարհւում եմ ձեր առջեւ:

Ախ, շա՜տ յաճախ տառապել էք անաղմուկ,
Լոյս էք ցանել, բայց հալածուել ու խաչուել:
Տիրողները` շքեղաշո՜ւք, դուք` անշո՜ւք…
Ուսուցիչներ, խոնարհւում եմ ձեր առջեւ:

Շատ դժուար էր` խաւար դարում ձեզ համար:
Այս լույս դարում, օ՜, դժվա՛ր է առավել-
Երեխաներն ամէ՛ն ինչ էլ գիտեն լաւ…
Ուսուցիչներ, խոնարհւում եմ ձեր առջեւ:

Թէկուզ կեանքում ապտակել էք նաեւ ինձ,
Թէկուզ նաեւ երկուսներ եմ ստացել,
Այնուհանդերձ, այնուհանդերձ, էն գլխից-
Ուսուցիչներ, խոնարհւում եմ ձեր առջեւ:

Հողագունդը գլոբո՜ւս է հմայիչ,
Բայց ուզում են այն կործանել ու ջարդել:
Հողագնդին հարկաւոր է ուսուցիչ…
Ուսուցիչներ, խոնարհւում եմ ձեր առջեւ:

ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed