Շնորհավոր պոեզիայի համշխարհային օրը

Այսօր պոեզիայի համաշխարհային օրն է: Շնորհավորում եմ իմ բոլոր գրչընկերներին , Հայաստանում ու հեռու ափերում, ու պոետական նոր, գեղեցիկ ներշնչումներ մաղթում նրանց, հավատարիմ ընթերցողներ: Շնորհավորանքներս պոեզիայի սիրահար, բառ ու տողի գինն իմացող, ,,համն,, զգացող բոլոր իսկական ընթերցողներին նաև, ովքեր կան անպայման, որոնց ներկայությունը մենք՝ բանաստեղծներս զգում ենք, որքան էլ երբեմն թվա, թե մեզ մենակ են թողել: Զուր չեմ ժամանակին այսպիսի տողեր գրել.

Միշտ էլ կան նրանք, ում համար ես իմ եր•երն եմ գրում,
Ու այս երկնի տակ մենք նաև իրար համար ենք ապրում,
Իրարից հեռու, անծանոթ, սակայն…այնքա~ն միասին,
Որ կպակասեր գուցե առանց մեզ մի բան աշխարհում:

Իսկ բոլոր նրանց, ովքեր մի տեսակ թերհավատորեն են տրամադրված այսօրվա մեր բանաստեղծների, ընդհանրապես գրականության նկատմամբ, ուզում եմ հորդորել, որ բոլորովին լուրջ չընդունեն երբեմն-երբեմն մի տեսակ չարախնդությամբ հնչող խոսակցություններն այն մասին, թե մեր գրականությունը, մասնավորապես պոեզիան այսօր այն չէ: Ո՛չ, սիրելի բարեկամներ, մենք թե՛ ավագ, թե՛ միջին ու երիտասարդ սերնդին պատկանող շատ հետաքրքիր, տաղանդաոր բանաստեղծներ, արձակագիրներ ունենք, որոնց հետևելու, իսկապես ընթերցելու դեպքում նման բացասական կարծիքները ի չիք կդառնան: Նման թյուր կարծիքները ընդհանրապես չեն լինի, եթե մամուլն ու հեռուստատեսությունը ինչպես հարկն է անդրադառնան գրական կյանքին, հետևողականորեն հասարակությանը ներկայացնեն մեր գրողներին, բանաստեղծներին, նրանց արժեքավոր ստեղծագործությունները, ինչպես դա արվում էր ժամանակին, ու շնորհիվ դրա մեր ժողովուրդը ճանաչում , կարդում ու սիրում էր իր գրողներին, հատկապես բանաստեղծներին, անգամ փողոցում դեմքով ճանաչում նրանց…
Այսօր ,,Երկիր մեդիա,, հեռուստատեսության առավոտյան ծրագրի հյուրն եմ՝ հենց պոեզիայի օրվա առթիվ, ու կխոսեմ հավանաբար նաև այդ մասին: Բայց, անշուշտ, ոչ միայն այդ մասին…
Լցվեք պոեզիայով այսօր, սիրելի բարեկամներ, կտրվեք նախընտրական քարոզարշավից, թերթեք մեր բանաստեղծների ժողովածուները՝ և՛ դասականների, և՛ ժամանակակիցների, ու կհամակվեք հաճելի հույզ ու ապրումներով, խորունկ խոհերով, և գարնանային այս օրը կգեղեցկանա, առանձնահատուկ հմայք ձեռք կբերի…

 

Գրում է  բանաստեղծ և  թարգմանիչ Լևոն Բլբուլյանն իր ֆեյսբուքյան էջում

Տարածել`
Share

You may also like...