Շատ եմ սիրում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և մեծ ոգևորությամբ եմ նվագում իրենց հետ. Անուշ Նիկողոսյան

Ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը ապրում է բուռն ստեղծագործական կյանքով՝ հյուրախաղեր, ելույթներ, դասեր, հաճախ նաև իր կատարումներով հանդես է գալիս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Հոկտեմբերի 16-ին նա կրկին բեմում էր, այս անգամ գերմանացի հանրահայտ դիրիժոր Քրիստոֆ Պոպենի հետ: Համերգից հետո Tert.am-ի հետ զրույցում ջութակահարուհին ասաց, որ համերգի գաղափարը պատկանում է թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանին և Քրիստոֆ Պոպենին:

-Այս անգամ ինչ ծրագրով հանդես եկաք և ինչպես եղավ, որ հանդես եք գալիս նախկինում Ձեր ուսուցիչ Քրիստոֆ Պոպենի հետ:

– Դեռևս անցյալ տարի Ալեքսանդր Չաուշյանը և Քրիստոֆ Պոպենը որոշել էին այս համերգի ծրագիրը, մաեստրոն տարիներ առաջ ձայնագրել է Մանսուրյանի այս կոնցերտը Մյունխենի կամերային նվագախմբի և հանրահայտ հույն ջութակահար Լեոնիդաս Կավակոսի հետ և շատ է սիրում այն, այդ պատճառով էլ առաջին անգամ որպես դիրիժոր Հայաստանում ելույթ ունենալու առիթով ուզեցել էր ընդգրկել այն ծրագրում: Այս կոնցերտը ես բազմիցս կատարել եմ, Գերմանիայում, Վրաստանում, Միացյալ Նահանգներում, համարում եմ գլուխգործոց, իմ ամենանախընտրելի ստեղծագործություններից մեկն է առհասարակ: Այս տարի համերգ եղավ Լոս-Անջելեսի Walt Disney Hall-ում, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Այնտեղի երաժշտական քննադատները շատ բարձր գնահատեցին և՛ կոնցերտը, և՛ մեր կատարումը։

-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

-Հիմա ինտենսիվ շրջան է, ունեմ շատ համերգներ Եվրոպայում և զուգահեռաբար սովորում եմ Մյունխենի բարձրագույն դպրոցում, Յուլիա Ֆիշերի դասարանում և դեռ մեկ տարի էլ պետք է ուսումս շարունակեմ։ Հետագա հայաստանյան ելույթների մասին այս պահին դեռ որևէ հստակ ամսաթիվ չեմ կարող ասել։ Հայաստանի հետ կապված, նոյեմբերի 29-ին, ազգային ֆիլհարմոնիկի եվրոպական հյուրախաղերի ընթացքում, Վարշավայի հանրահայտ ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում ես նվագախմբի հետ կնվագեմ Խաչատուրյանի կոնցերտը։

– Երևանում հանդես եկաք մեծ դիրիժոր Քրիստոֆ Պոպենի հետ, ով նաև Ձեր ուսուցիչն է եղել: Ի՞նչ զգացողություններով նրա հետ բեմ դուրս եկաք հայրենի երկրում:

– Հիանալի զգացողություն էր մի քանի տարի ընդմիջումից հետո համագործակցել իր հետ, այս անգամ այլ կարգավիճակում, որպես դիրիժոր և մենակատար։ Շատ հետաքրքիր մթնոլորտում աշխատեցինք և հուսով եմ մեզ հաջողվեց Մանսուրյանի Կոնցերտը ըստ արժանվույն ներկայացնել։

-Ո՞ւմ ստեղծագործություններն եք ավելի մեծ սիրով կատարում:

-Շատ դժվար հարց է, որովհետև ջութակի համար գրված հրաշալի ստեղծագործությունները շատ-շատ են, շատ հաճախ թվում է, որ գտա իմ ամենասիրելի կոմպոզիտորին, բայց դա գուցե նրա հետևանքն է, որ յուրաքանչյուր գործ կատարելիս ապրում ես դրանով և հիանում, այլապես հնարավոր չի լինի այն իր ողջ գեղեցկությամբ ներկայացնել հանդիսատեսին։

-Հաճա՞խ եք ելույթ ունենում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Ինչպե՞ս սկսվեց Ձեր համագործակցությունը:

– Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ սերտ համագործակցությունը սկսվել է դեռ 2005 թվականից, երբ տաղանդավոր պատանի երաժիշտներ ընտրելու ունկնդրման ժամանակ ինձ ընտրեցին և նվագեցի նվագախմբի հետ, նվագել եմ իրենց հյուրախաղերի ընթացքում Ֆրանսիայում, Իտալիայում, Սլովակիայում և Ավստրիայում: Շատ եմ սիրում այս բարձրակարգ նվագախումբը և ամեն անգամ մեծ ոգևորությամբ եմ նվագում իրենց հետ։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Շատ եմ սիրում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և մեծ ոգևորությամբ եմ նվագում իրենց հետ. Անուշ Նիկողոսյան”

Leave a Reply

Your email address will not be published.