Շատ ափսոս, որ վատ ճաշակն իրավական կատեգորիա չէ

Հայաստանում փառատոնների` կինոյի և թատրոնի ոլորտի զարգացմանը նպաստող գործոն լինելը դեկտեմբերի 6-ին քննարկվում էր «Մենք» մշակութային մամուլի ակումբում:  Անդրադառնալով մշակութային կյանքի զարգացմանը վերջին տարիների ընթացքում` կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը շեշտեց, որ կինոյի և թատրոնի ոլորտում առաջընթացը միանշանակ չէ, քանի որ կինոն քանակական առումով գուցե և առաջընթաց է ապրել, բայց որակական առումով երկրում դեգրադացիա է տիրում, ինչի պատճառն էլ դելետանտիզմն է:

«Իմ կարծիքով, որակական հատկանիշները շատերի համար դարձան երկրորդական տեխնիկական առաջընթացից` թվային հեղափոխությունից հետո: Երբ ժապավենը փոխարիվեց թվային անալոգով, գրեթե ամեն երկրորդ տեսախցիկի տերը դարձավ ռեժիսոր, օպերատոր: Նշաձողն իջավ, որքան կարող էր: Ունենք այն, ինչ ունենք: Սա պատկերի դևալվացիա է: Պատկերն արժեզրկվել է: Հայաստանում կատարվեց սարսափելի բան. մեր  կատակերգասեր ժողովուրդը կորցրեց իր հեղինակին: Կինո կա, հեղինակ չկա»,- նշեց բանախոսը:

4

Վերջինիս խոսքով խնդիրը մեր` արվեստի հանդեպ ձևավորված սխալ մշակութային ռազմավարության մեջ է: «Փոքրիկ Զորավար» ֆիլմը 500 անգամ գերազանցել է իր բյուջեն, ինչը գրեթե անիրական թիվ է: Դրա պատճառն էլ պահանջարկն է: Հանդիսատեսի մակարդակն ընկել է, որի պատճառն այն է, որ ոչինչ չեն տեսել:

Մեր երկրորդ բանախոսը` ԵԹԿՊԻ ռեկտոր, պրոֆեսոր, ռեժիսոր Արմեն Մազմանյանն ավելի լավատեսորեն մոտեցավ հարցին: Նա ևս վստահ է, որ տիրող մշակութային խառնաշփոթի և բացիթողի վիճակի պատճառը «տեխնոկրատիան» է, որին մեր ազգը պատրաստ չէր:

«Պետք է սկսենք գլոբալ խնդիրներից: Շուկան բաց է, ազատական է, ինչ ասես կա: Մարդն իր սանձարձակությունը կարող է թափել ամեն տեղ մեր ազատ շուկայի պայմաններում, այնուհանդերձ այնքան էլ համաձայն չեմ, որ կինոյի դաշտում չփոխվեց ոչինչ: Գուցե և այս հազարավոր տեսախցիկների մեջ ծնվի նոր Կիմ Կի Դուկ: Ֆինանսները ներդրվում են ոչ գլոբալ նախագծերի կայացման գործում: Մոտեցել է 2015թ, և մենք նոր ենք մտածում այն մասին, որ 100-ամյակին անգամ մի կտավ չունենք, որը խոսում է ցեղասպանության մասին: Կինոյից առավել ազդեցիկ լեզու չկա, որ կբարձրացնի կարևոր խնդիրներ: Մենք գլոբալ խնդիրների հանդեպ անուշադիր ենք, մինչդեռ վերջերս իմացա, որ Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված մյուզիքլի ստեղծման համար 200 մլն դրամ է տրամադրվել:

Կինոորոնում կա: Այսօր մենք իրականացնում ենք մի ֆանտաստիկ նախագիծ` կինոալմանախ, որը կոչվում է «Աշխարհն արևածագից մինչև մայրամուտ»: Ծրագիրն իրականացվում է Լեհաստանի Կինոյի Ինստիտուտի հետ համատեղ:  Իրականում երիտասարդ ստեղծագործողներ կան, մենք առաջ շարժվում ենք: Ո՞վ է մեր կինոարտադրության բարցիթողի վիճակի մեղավորը: Կյանքը շատ կարճ է, պարզաբանումների համար: Կարծում եմ, որ և «Ոսկե ծիրանը», և մնացածը ճիշտ մոտիվացիաներ են, որ կարող են ակտիվացնել կյանքը: Ուրիշ հարց է, որ հեղինակային կինոն չկա, սով է, իսկ թատերական դաշտում վաղուց մեռել ենք, պարզապես մեզ չեն ասում, որ տրամադրություններս չընկնի»,- ասաց ԵԹԿՊԻ ռեկտորը:

3

Արմեն Մազմանյանի կարծիքով մենք չունենք թատերական դաշտ մեծ կտորով: Ունենք 2-3 թատրոններ, որտեղ իսկապես աշխատում են, մոնոներկայացումներ են ծնվում:

«Սերունդ կա. ասել, որ սերունդ չկա, սուտ է: Ուղղակի, ինչպես և բոլոր ժամանակներում, խելացի, տաղանդավոր մարդիկ զբաղված են սովորելով, իսկ տգետները գրավում են դաշտը: Արդյունքում մենք ունենում ենք անորակ սերիալներ, թարգմանած սցենարներ: Օրինակ` «Քայլ ձիով» ֆիլմի անվանումն արդեն խոսում է նրա մասին, որ սցենարը մտածված էր ռուսերեն, և հետո միայն թարգմանվել է հայերեն»,- շեշտեց Մազմանյանը:

Վերադառնալով փառատոնների թեմային` բանախոսները նշեցին, որ փառատոնները շատ բան են փոխում, ստեղծում են միջավայր: Այստեղ հարցն այն է, թե որքանով են դրանք պահանջված: Մենք ունենք ազգային դրամատուրգիայի խնդիր, մենք պետք է անցկացնենք փառատոններ, որպեսզի մարդիկ ներկայացնեն իրենց աշխատանքները: Մենք ունեինք «Գիսանե» փառատոն, որը առանձնապես պահանջարկ չուներ, արդյունքում փառատոնը կոչեցինք «Գիսանե» երիտասարդական թատերական փառատոն, որը որևէ կերպ չի սահմանափակում մասնակիցներին ֆորմատի մեջ: Թատրոնն ունի մեկ-երկու բաց միջազգային փառատոններ ունենալու անհրաժեշտություն, կինոն ունի «Ոսկե ծիրան» փառատոնը, որը լուրջ, բրենդային, իմիջային կինոփառատոն է, նմանը թատերական ոլորտում չկա: Արմեն Մազմանյանի վստահեցմամբ` մեր խնդիրն այլ է. մենք պետք է երիտասարդների համար հնարավորություններ, միջազգային մակարդակով իրենց ստեղծագործությունները մատուցելու դաշտ ստեղծենք:

Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ունեն փառատոններում ներկայացվող այլերկրյա արտադրողների ֆիլմերը առավելություն մեր արտադրության նկատմամբ և եթե այո, ինչով է դա պայմանավորված, նշեց, որ երբ կար Սովետական Միությունը, մենք մտածում էինք այդ տարածքի մասշտաբով, աշխատում էինք հաշվի առնել ողջ Միության պահանջարկն ու ճաշակը: Այժմ մեր մտածողությունը դարձել է 29 հազ. քառ. կմ: Եթե արվեստագետը չի ընկալում անսահմանությունը, հնարավոր չէ միջազգային պահանջարկը բավարարող ֆիլմեր ստեղծել:

1

«Տասը տարի է` միայն լսում եմ, որ մենք արտադրություն չունենք, բայց ես ուսանողներ ունեմ, որոնց ֆիլմերը շատ գործող ռեժիսորներ տեսնելուց պետք է ամաչեն: Եթե մենք խոսում ենք արտասահմանյան ֆիլմերի մասին, ապա պետք է ասել, որ մտքի դեֆիցիտ կա: Պետք է սոցիալական տեսլական ունենալ: Պետք է մարդուն տեսնել, մարդուն սիրել: Առանց դրա ֆիլմ չի կարելի նկարել: Ես միշտ ասել եմ, միայն երկու դեպքում է մարդը վճարում ՝ կամ տոտալ հեքիաթի, կամ ճշմարտության դիմաց: Հիմա մենք ունենք հեղինակազրկված կինո»,- նշեց Բաղդասարյանն ու հավելեց,-«Ես ատում եմ շուկայական հարաբերությունները: Մենք որպես հայի տեսակ շատ ենք սիրում շուկայական հարաբերությունները: Մենք անգամ Սովետական Միության տարիներին եղել ենք ամենաշուկայականը: Իրավիճակը շտկելու միակ տարբերակը կրթության որակի բարձրացումն է, իսկ եթե երեխան մանկուց ռաբիս է լսում, ապա երեխայի ականջներն արդեն պղծված են: Կրթությունը պետք է սկսվի օջախից, հակառակ դեպքում խոսելու բան չկա: Լավագույն կրկնօրինակումներ անող թռչունը տարածված կարծիքի համաձայն թութակն է: Իրականում, դա ագռավն է: Սակայն մարդուն կրկնօրինակելու համար ագռավի ճտին ձվից դուրս գալուց հետո պետք է վերցնել, որ թռչունը չլսի ագռավի կռռոցը: Հակառակ դեպքում ագռավն իր ողջ կյանքի ընթացքում կկռռա: Նույնն էլ տեղի է ունենում մարդկանց հետ:  Շատ ափսոս, որ վատ ճաշակն իրավական կատեգորիա չէ»:

անդրադարձը` Աննա Հովհաննիսյանի
լուսանկարները` Արամ Կիրակոսյանի

Տարածել`
Share

You may also like...