Շառլ Ազնավուրի հրապարակում բացվել է Հենրիկ Մալյանի աստղը

Հայ անվանի ռեժիսոր Հենրիկ Մալյանի աստղն այսուհետև կզարդարի Շառլ Ազնավուրի հրապարակը: Հուլիսի 12-ին Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի շրջանակում տեղի ունեցավ Մալյանի աստղի հանդիսավոր բացման արարողությունը:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Գևորգ Գևորգյանցը նշեց, որ երբ ասում ենք Հենրիկ Մալյանի անունը, միանգամից հիշում ենք «Մենք ենք, մեր սարերը», «Նվագախմբի տղաները» և նրա այլ կինոնկարները:

«Այդ բոլոր ֆիլմերը մեր երկրի պատմությունն են: Նա մաեստրո է, որի հետ մենք փորձում էինք ընկերություն անել: Կյանքում շատ համեստ, ամաչկոտ մարդ էր: Եթե այստեղ կանգնած լիներ, կամաչեր, գլուխը կիջեցներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Գևորգ Գևորգյանցը:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ով աշխատել է Հենրիկ Մալյանի հետ, նշել է, որ աստղը
զարդարում է քաղաքը և արտահայտում բոլորի սերը վարպետի նկատմամբ:

«Հենրիկ Մալյանը ժողովրդի սիրտն է նվաճել: Նրա ֆիլմերը սիրված են արդեն քանի՜ սերունդ: Նա ստեղծագործական կյանքով ապրող անհատականություն էր»,-նշել է Տիգրան Մանսուրյանը:

Հենրիկ Մալյանը ծնվել է 1925 թվականին Վրաստանում:  1942-45 թթ. Թբիլիսիի գործարաններից մեկում աշխատել է որպես գծագրող և կապալառուի օգնական: 1951-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, 1953-ին` Մոսկվայի թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացը: 1951-54 թթ. ռեժիսոր է եղել Երևանի տարբեր թատրոններում: 1954-88 թթ. աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: Հեղինակել է բազմաթիվ սիրված ֆիլմեր՝ այդ թվում՝ «Նվագախմբի տղաները», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք»  և այլ կինոնկարներ:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Շառլ Ազնավուրի հրապարակում բացվել է Հենրիկ Մալյանի աստղը”

Leave a Reply

Your email address will not be published.